Այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և գործընկերների կողմից իրականացվող Tech2Life նախաձեռնությունը, որը նպատակ ունի օժանդակել աջակցող տեխնոլոգիայի համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալով ապրել առողջ, արդյունավետ, անկախ և արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային և քաղաքացիական կյանքին:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի առաջնահերթություններից մեկն այն է, որ նորագույն տեխնոլոգիաները ծառայեն մարդու կյանքն առավել հեշտացնելուն, բարեկեցիկ դարձնելուն՝ ստեղծելով հավասար հնարավորություններ ֆիզիկական ու մտավոր տարբեր կարողություններ ունեցող անձանց համար։
«Այս նախաձեռնությունը, որը միտված է աջակցող միջոցների համար բարենպաստ միջավայրի ձևավորման միջոցով անհատի գործունեությունը, անկախությունն և բարեկեցությունը խթանելուն, լիահույս եմ, որ կնպաստի համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ կհանդիսանա շահագրգիռ կողմերի փորձի և գիտելիքների փոխանակման հարթակ»,-նշել է նախարարը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ներկայացրել է ծրագրի նպատակը, մասնավորապես կենսափուլային մոտեցման, հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների շարունակական խնամքի և աջակցության միջոցով Հայաստանում ամրապնդել ծառայությունների մատուցման հիմնական համակարգը․ «Ամբողջ աշխարհում, աջակցող տեխնոլոգիաները հասանելի չեն կարիք ունեցող անձանցից շատերի համար, և երկրներից շատ քչերն ունեն աջակցող տեխնոլոգիաների ազգային քաղաքականություն կամ ծրագիր: Ռուսաստանի Դաշնության առատաձեռն ֆինանսավորմամբ և ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, մենք Հայաստանում աջակցող տեխնոլոգիայի մի էկոհամակարգ ենք ստեղծելու և զարգացնելու, որը հետագայում կարող է ընդօրինակվել նաև այլ երկրներում և որն ուղղված կլինի ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ աջակցող տեխնոլոգիայի կարիք ունող այլ անձանց համար, ներառյալ տարեցները»։
Միջոցառման ընթացքում աջակցող տեխնոլոգիայի ոլորտում մասնագիտացած հայկական ստարտափները պոտենցիալ ներդրողներին ներկայացրել են իրենց արտադրանքն ու մտահղացումները։
ՄԱԶԾ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հավասար մասնակցության և ներառական զարգացման ավելի ուժեղ ծառայություններ» համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ գերատեսչությունների համագործակցության արդյունքում։