Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Բարձր գնահատելով ԵՄ հետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է պատրաստակամությունն ընդլայնելու համագործակցության շրջանակը՝ համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու համար։
Անդրադառնալով համագործակցության հիմնական և ծրագրային ուղղություններին՝ նախարարը կարևորել է հետպատերազմական և կորոնավիրուսային իրավիճակում սոցիալական-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունն ակտիվորեն մասնակցում է փաստաթղթի մշակման աշխատանքներին և առաջնահերթությունների նախանշման գործընթացին՝ հատկապես խոցելի խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարելավման ուղղություններով։
«ԵՄ հետ համագործակցության շրջանակում կարևորում ենք նաև կանանց և աղջիկների հզորացմանը վերաբերող ծրագրերը։ Ըստ էության, սա նաև մեր ժողովրդագրական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, և մենք շարունակում ենք տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կանանց առաջնորդության խթանմանը»,- նշել է նախարարը։
Անդրեա Վիկտորինը ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, պատրաստակամություն է հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքերի ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում․ «Ցանկալի առաջընթաց ունենալու համար մենք պետք է որպես հիմք ընդունենք հաջողված օրինակները և զարգացնենք դրանք։ Արձանագրելով, որ հետպատերազմական շրջանում և կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերները շատ են՝ մենք պատրաստակամ ենք աջակցել այնքան, որքան կարող ենք»։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերի շուրջ շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել։