Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են։ Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս արձանագրված դեպքերի վրա։
Իրականացված փոփոխությունների շրջանակում սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ բանկերի կողմից շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են սահմանված ժամկետներից ուշ, որի արդյունքում շահառուները չեն ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ լիովին բավարարելով ծրագրի հիմնական պայմաններին։ Ըստ այդմ, 2020թ. հուլիս և օգոստոս ամիսներին անշարժ գույք ձեռքբերած (հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած) շահառուները ևս կարող են ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար։
Սահմանված մյուս անցումային դրույթով կարգավորվում են այն դեպքերը, երբ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում շահառուները չեն կարողացել դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը: Անցումային դրույթը վերաբերվում է միայն 2020 թ․ հուլիս ամսին ծնված երեխաներին, քանի որ 12 ամիս մարումներ ունենալու վերաբերյալ պայմանի փոփոխությունը հաստատվել է 2021 թվականի հուլիսի 15-ին։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,720 շահառու, ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 181 մլն դրամ։
Ծրագրերի մասին մանրամասներն՝ այստեղ: