Ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները։ Դրանցից են` ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման` որպես առանձին ծրագրի ամբողջացումը և հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը և այլն։
“Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է, և մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատատեղ, չկա աշխատանք։ Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար։ Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ` խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է` ցավոք սրտի, ես խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, և դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել և այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել”,- նշեց իր խոսքում վարչապետ Տ. Սարգսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը ներկայացրեց ոլորտի իրավիճակն ու խնդիրները: “Զբաղվածության մասին” նոր օրենքը փոխարինելու է գործող` “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” օրենքին:
“Գործող օրենքով սահմանված զբաղվածության քաղաքականության մոդելը կարելի է բնութագրել որպես հիմնականում “պասիվ” քաղաքականության մոդել: Գործող օրենքով զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը և սկզբունքները ընդհանրական են, ինչը հնարավորություն չի տալիս հստակ որոշակել այդ քաղաքականության տեղն ու դերը ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգում: Գործող օրենքով առանձին սահմանված են զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը, հետևաբար բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագիրը կրավորական, ածանցյալ դեր ունի, իսկ զբաղվածության պետական ծառայության լիազորությունները ուղղակիորեն հանգեցված են այդ ծրագրերի իրականացմանը: Այսպիսի կարգավորումը հնարավորություն չի տալիս ծրագրելու աշխատաշուկայի իրավիճակից և միտումներից բխող ճկուն պետական կարգավորում: Գործող օրենքով ամբողջապես կարգավորված չեն զբաղվածության ոլորտում շահառուների գրանցման և հաշվառման, տղեկատվական շտեմարանի ձևավորման, վարման, նպատակային օգտագործման իրավական հիմքերը, որի արդյունքում բացակայում են էլեկտրոնային եղանակով աշխատանք փնտրողների գրանցման և ծառայություններից օգտվելու, գործատուներից թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները: Կարգավորված չեն աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ զբաղվածության պետական ծառայության համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, որի արդյունքում գործնականում աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերություններ չկան: Երկրում կա սոցիալական լարվածություն, և կառավարությունն այն թուլացնելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով այսուհետ զբաղվածության “պասիվ քաղաքականությունից” կանցնի “ակտիվ քաղաքականության”,- ընդգծեց պարոն Ասատրյանը:
“Սա մի կողմից ապահովելու է արդյունավետ զբաղվածություն` զարգացնելով աշխատանք փնտրողների մասնագիտական հմտությունները, աշխատանքային կարողություններն ու բարձրացնելով նրանց ակտիվությունը, մյուս կողմից` ներառելու է գործուն մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն գործատուին առկա թափուր աշխատատեղերը համալրել երիտասարդներով և աշխատաշուկայում անմրցունակ անձանցով”,- հավելեց նախարարը: Որպեսզի քաղաքականությունն ակտիվ լինի, նոր օրենքում պետք է ամրագրել, որ գործատուներից և համապատասխան պետական մարմիններից ու հնարավոր այլ աղբյուրներից` աշխատաշուկայի քանակական և որակական պահանջարկի /թափուր և նոր ստեղծվող աշխատատեղեր/ վերաբերյալ ընթացիկ ու կանխատեսվող տեղեկատվություն լինի, ինչպես նաև, ըստ առանձին խմբերի, մասնագիտության, սեռի, տարիքի և բնակավայրի` աշխատանք փնտրող անձանց վերաբերյալ տեղեկատվություն:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նախարարին հանձնարարեց օրենքի հայեցակարգը համապարփակ ձևով ներկայացնել հանրությանը։