Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու հունիսին առաջին ընթերցմամբ ընդունված կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող կառավարության օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է հինգ տասնյակի հասնող օրինագծերից: Խորհրդարանական լսումներին, բացի պատգամավորներից, հրավիրվել էին նաև Հանրային խորհրդի հասարակական կազմակերպությունների, արհմիությունների, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Իրենց զեկույցներով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, նախարարության վարչության պետ Վ. Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը կենսաթոշակային համակարգի բարեփոխման փաթեթը նախաձեռնել է, քանի որ գործող կենսաթոշակային բաշխողական համակարգն իրեն սպառել է, այլ խոսքով` այն հնարավորություն չի տալիս ավելացնել սոցիալական և աշխատանքային կենսաթոշակները, ուստի կարիք կա լրացնել համակարգը: Նա նշեց, որ գործող կենսաթոշակային համակարգը չի վերացվելու, այլ պարզապես լրացվելու է կուտակային համակարգի երկրորդ և երրորդ աստիճաններով, որոնք էլ լինելու են պարտադիր և կամավոր սկզբունքներով:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի 2014թ. և դրան մասնակից կլինեն մինչև 40 տարեկան քաղաքացիները, իսկ կամավոր կուտակային համակարգը կներդրվի 2011թ.: Այս համակարգին կարող են միանալ նաև 40-ն անց քաղաքացիները: Կուտակային վճարը, ընդհանուր առմամբ, ամսական լինելու է 10 տոկոս, որից 5 տոկոսը գոյանալու է քաղաքացու աշխատավարձից, մյուս 5 տոկոսը տալու է պետությունը: Պետության կողմից երաշխավորվում է քաղաքացու ներդրած 5 տոկոս վճարը` ճշգրտված գնաճով:
Բացի սրանից, աշխատող քաղաքացին վճարելու է նաև 26 տոկոս եկամտահարկ, որը մուտքագրվելու է պետական բյուջե: Պետության կողմից համակարգի մասնակից են լինելու ՊԵԿ-ը, ԿԲ-ն և ֆինանսների նախարարությունը:
Ըստ զեկուցողների` այս համակարգի ներդրումը խրախուսելու է տնտեսության զարգացումը, մասնակիորեն նպաստելու է ստվերային տնտեսության կրճատմանը և ամենակարևորը` նպաստելու է կենսաթոշակների շարունակական բարձրացմանը` համապատասխանելով նվազագույն զամբյուղին: Քաղաքացու կուտակած գումարը, եթե նա չհասնի կենսաթոշակային տարիքի, փոխանցվելու է ժառանգներին, այլ երկիր մշտական բնակության մեկնելու դեպքում կատարվելու է փոխանցում:
ՀՀ ԿԲ-ի ներկայացուցիչները անդրադարձան ներդրումային ֆոնդերի ստեղծմանը, կառավարմանը, դրանց նկատմամբ վերահսկողության և ռիսկերի նվազեցմանն ուղղված մեխանիզմներին:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանն ու հիմնական զեկուցողները պատասխանեցին լսումների մասնակիցների բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին և մտահոգություններին: