Սեպտեմբերի 22-23-ին Կոտայքի մարզի “Արզնի” հյուրանոցում տեղի ունեցավ “Կամավոր աշխատանքի մասին” օրենքի նախագծի քննարկմանը նվիրված սեմինար, որը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Սեմինարին մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի հիմնական նպատակը համատեղ ջանքերով կամավորական աշխատանքի արդյունավետության, կամավորի անվտանգության, կամավորի և կամավոր աշխատանք կիրառող կազմակերպությունների միջև ծավալվող հարաբերությունների օրինականության ապահովումն էր` “Կամավոր աշխատանքի մասին” օրենքի հնարավորինս արդյունավետ լրամշակման միջոցով:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Պետրոսյանը: Նա կարևորեց կամավորական աշխատանքի արմատավորումն ու տարածումը Հայաստանում և հույս հայտնեց, որ օրենքի ընդունումը կնպաստի այդ գործընթացի արագացմանը: Այնուհետև նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց օրենքի նախագիծը:
Քննարկումներն հիմնականում ծավալվեցին նշված օրենքով կարգավորվող ոլորտների, որպես կամավոր ընդգրկվելու թույլատրելի տարիքի, կամավոր աշխատանքային պայամանգրի, կամավորների և կամավոր աշխատանք կիրառող կազմակերպությունների իրավունքների ու պարտականությունների շուրջ: Հնչեցին բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվեց միաձայն, մյուս մասն էլ արձանագրվեց` օրենքի նախագծի լրամշակման ժամանակ ևս մեկ անգամ ուսումնասիրելու համար:
“Կամավոր աշխատանքի մասին” օրենքի նախագիծը մշակվել է դեռևս 2005թ.: Արդեն լրամշակված նախագիծը սույն թվականի հոկտեմբերի 30-ին կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: