«Ինչպես բժիշկներն էին անձնվիրաբար պայքարում մեր հայրենակիցների կյանքի համար, այնպես էլ սոցիալական աշխատողներն էին անկոտրում աշխատում քաղաքացիներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար»․ նախարարի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

0
68

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սոցիալական աշխատողներ,

Այսօր սոցիալական աշխատողի մասնագիտական տոնն է, որը Հայաստանում պաշտոնապես նշվում է դեռ 2009 թվականից։ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը մեր երկրում ներդրվել է բավականին ծանր՝ ճգնաժամային, Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերի ընթացքում: Լինելով դեռևս չճանաչված մասնագիտություն՝ նվիրյալ մարդկանց շնորհիվ բառի բուն իմաստով փլատակների վրա ձևավորվել է սոցիալական աշխատանքը։

Այսօր մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը․ այն դրվում է մասնագիտական հենքի վրա։

2020-2021 թվականների ընթացքում՝ համավարակի, պատերազմի, հետպատերազմական օրերին սոցիալական աշխատողները բնակչության հրատապ սոցիալական պաշտպանության միջոցառումների կիզակետում են եղել և ներկայումս շարունակում են լինել:

Առանձնահատուկ շնորհակալություն՝ բոլոր այն սոցիալական աշխատողներին, ովքեր ամուր կանգնեցին մեր քաղաքացիների կողքին թե՛ համավարակի, թե՛ պատերազմի օրերին: Ճիշտ այնպես, ինչպես բժիշկներն էին անձնվիրաբար պայքարում մեր հայրենակիցների կյանքի և առողջության համար, այնպես էլ նրանք անկոտրում աշխատեցին և շարունակում են աշխատել մեր քաղաքացիներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար:

Ուստի, ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և վստահություն հայտնում, որ սոցիալական աշխատողները կշարունակեն մեծ նվիրումով իրականացնել իրենց վերապահված բարդ առաքելությունը: