Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

0
91

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին։

Կարևորելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ կառույցը նախարարության կարևոր գործընկերներից է, որի օգնությամբ մինչ օրս հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։

«Բարձր ենք գնահատում հետպատերազմական իրավիճակում մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ նաև Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերած աջակցությունը։ Նույնքան կարևորում ենք Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի հինգ բաղադրիչների՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների և միասնական տեղեկատվական համակարգերի ներդրման, կենսաթոշակային համակարգի արդիականացման, նախարարության վերլուծական համակարգերի և կարողությունների զարգացման ու ծրագրի կառավարման շուրջ իրականացված աշխատանքները»,– նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» (SPAP 2), «Հայաստան. աջակցություն հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին», «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։   

Կարոլին Գեգինատը հետաքրքրվել է իրականացված ծրագրերի ընթացքի և ձեռք բերված արդյունքների մասին՝ միաժամանակ կարևորելով նոր ծրագրերի շուրջ համագործակցության տարբերակները․ «Համաշխարհային բանկի  աջակցությամբ իրականացվող շատ ծրագրեր մոտենում են ավարտին։ Նոր միջոցառումներ մշակելիս՝ կդիտարկվեն նաև իրականացված ծրագրերի արդյունքները։ Մենք կարևորում ենք դրանց ամփոփումն ու գույքագրումը, ինչը թույլ կտա ապահովել հետագա աշխատանքների արդյունավետ շարունակականությունը»։