Նախարարությունն ու ԵՊՀ-ն կհամատեղեն ջանքերն ուսանողների մասնագիտական պրակտիկայի, հետազոտական աշխատանքների և մի շարք այլ ծրագրերի շուրջ

0
85

ԵՊՀ ուսանողների մասնագիտական հմտությունների կատարելագործում, աշխատաշուկայում մրցունակ լինելու կարողությունների զարգացում և մասնագիտական ներուժի փոխադարձ ներգրավում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Կարևորելով պետություն-գիտական համայնք կապի ամրապնդումը հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ԱՍՀՆ և ԵՊՀ համագործակցության կարևորությունը նախարարության գործունեության ոլորտների շրջանակում։

«Վստահ եմ, որ համագործակցության հուշագիրը գործնական ազդեցություն կունենա նախատեսված ոլորտների զարգացման գործում։ Նախարարությունն արդեն մի քանի ուղղություններով ռազմավարությունների մշակման գործընթաց է սկսել, և ուրախ կլինենք դրանցում տեսնել նաև հետազոտական աշխատանքներ իրականացնող ուսանողների, որոնք իրենց գիտելիքը գործնականում կիրառելու հնարավորություն կունենան»,-նշել է նախարարը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, արժևորելով պետության հետ խորը և համապարփակ համագործակցության դերը, վստահություն է հայտնել, որ փորձագիտական, հետազոտական կարծիքների ու տվյալների տրամադրումն իր հերթին կնպաստի ոլորտային բարեփոխումների իրականացմանը։

Հուշագրի շրջանակում կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկայի, հետազոտական աշխատանքների, ուսանողների կարիերայի կառավարման, հոգեսոցիալական ծրագրերի իրականացման շուրջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել անհրաժեշտ ռեսուրսները նախարարության կողմից մշակվող զբաղվածության ռազմավարության արդյունքներով առաջարկված ուսանողների արտադրական պրակտիկայի մոդելների պիլոտային փորձարկման, նախարարությունում ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպման (այդ թվում՝ ներգրավում հետազոտական աշխատանքներում, մասնագիտական վերապատրաստումներում) հարցում։

Նախատեսվում է իրականացնել նաև զինծառայողների ու պատերազմից տուժած անձանց և վերջիններիս ընտանիքներին հոգեսոցիալական վերականգնողական ծառայությունների համատեղ կազմակերպում, այդ թվում՝ կարիքների գնահատում, հոգեսոցիալական միջամտություն, երկարաժամկետ մշտադիտարկում և այլն։