Առցանց աշխատաժողով՝ երեխաների խնամքի ազգային բարեփոխումների վերաբերյալ

0
71

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Երեխաների խնամքի ազգային բարեփոխումների նախաձեռնություններն ուղղված ապաինստիտուցիոնալացման գործընթացներին» թեմայով առցանց աշխատաժողով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (UNICEF ECARO) նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի 6 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Ռումինիայի և Սերբիայի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ և ներկայացրել տարբեր երկրներում ապաինստիտուցիոնալացման գործընթացի կազմակերպման փուլերը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև վերոնշյալ երկրներում 2022 թվականին նախատեսվող՝ երեխաների խնամքի ազգային բարեփոխումների  գնահատմանն առնչվող մի շարք հարցեր (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնահարցերը)։

Առցանց հանդիպմանը մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Վերջինս ներկայացրել է ՀՀ-ում ապաինստիտուցիոնալացման գործընթացն՝ անդրադառնալով ոլորտային ձեռքբերումներին, իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև առկա խնդիրներին և մարտահրավերներին։

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունն ի նպաստ երեխաների հիմնահարցերի ոլորտի բարեփոխման։