«Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի մեկնարկով ազդարարվել է Հայաստանում հայտարարված կանանց նկատմամբ բռնության վերացման ամենամյա 16-օրյա արշավը

0
68

«Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի մեկնարկով երեկ ազդարարվել է նաև Հայաստանում հայտարարված կանանց նկատմամբ բռնության վերացման ամենամյա 16-օրյա քարոզարշավի սկիզբը:

«Հանդիպում 100 տարի անց» բեմականացման տեսքով Առաջին Հանրապետության կին պատգամավորները, հասարակական-քաղաքական գործիչները խոսել են հայ կանանց դերի ու նշանակության, կանանց զորեղացման մասին։

Բեմականացման ավարտից հետո միջոցառման մասնակիցները շարունակել են զրույցը՝ կանանց առաջնորդության, գենդերային կարծրատիպերի դեմ պայքարի և այլնի մասին։

Միջոցառմանը մասնակից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, կարևորելով գենդերային հավասարության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների բարձրաձայնմանն ուղղված նմանատիպ միջոցառումները, նշել է, որ պետք է համատեղ պայքարել ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական ու հոգեբանական բռնության դեմ, որոնք ունեն հավասար կարևորություն՝ հասարակության մեջ ինքնաբավ անհատի կայացման գործում։

Տաթևիկ Ստեփանյանը խոսել է նաև արված աշխատանքի մասին, նշելով օրինակ, որ ընտանիքում բռնության ենթարկված 88 կին 2021թ․ ընթացքում կարողացել է ձեռք բերել նոր մասնագիտություն և մտնել աշխատաշուկա՝ դառնալով ինքնուրույն և ինքնաբավ։

Նշենք, որ միջոցառումը կայացել է ՕքսԵՋեն հիմնադրամի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համատեղ նախաձեռնությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Հիշեցնենք, որ քարոզարշավը, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը, շարունակվելու է նաև այլ մարզերում՝ իր դրական ազդեցությունն ունենալով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերի բարձրացման գործում։