Հայկական պատվիրակության այցը Թուրքիա

0
84

Ս.թ. նոյեմբերի 12-13-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է Թուրքիայի Հանրապետությունում կայացած Բնակչության և զարգացման հարցերի վերաբերյալ տարածաշրջանային համաժողովին:
Համաժողովի նպատակն էր` քննարկել 1994թ. Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման հարցերի համաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ երկրների կողմից ձեռնարկված քայլերը, միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակները և հետագա անելիքները:
Համաժողովի ընթացքում հայերեն լեզվով ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը:
“1994թ. Կահիրեում կայացած համաժողովի ընթացքում ընդունված սկզբունքները կյանքի կոչելու անհրաժեշտ նախադրյալներից մեկը համապատասխան քաղաքականությունների մշակումն ու իրականացումն է: Այս առումով հատկապես կարևորվում է այն հանգամանքը, որ ցանկացած մշակվող քաղաքականություն լինի փաստերի վրա հիմնված, բխի առկա իրավիճակից և մատնանշի խնդիրների իրատեսական լուծումներ” – իր ելույթում նշեց նախարարը: Նա ներկայացրեց Բնակչության հիմնահարցերին առնչվող քաղաքականության իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը, երկրի կարևորագույն ռազմավարական փաստաթղթերից մեկը` Կայուն զարգացման ծրագիրը, որը մատնանշում է աղքատության կրճատումը, մարդկային ներուժի զարգացումը, բնակչությանը մատուցվող սոցիալական, առողջապահական, կրթական ծառայությունների որակի բարձրացումը և դրանց հասանելիության ապահովումը, բնակչության վերարտադրական ներուժի և կենսապայմանների բարելավումը` որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտ նախադրյալներ:
Նախարարը մի շարք հանդիպումներ ունեցավ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Եվրոպային տնտեսական հարցերով հանձնաժողովի, Մալթայի Ծերացման հիմնահարցերի ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև համագործակցության նոր ծրագրեր և միջոցառումներ:
Համաժողովի արդյունքում ընդունվեց Եզրակացություն, որը մատնանշում է հետագա անելիքների և համագործակցության շրջանակները: