“Մեր տունը” սոցիալական հասարակական կազմակերպության գործունեությանը նվիրված համանուն ֆիլմի և տեսահոլովակի շնորհանդեսը

0
265

Սեպտեմբերի 27-ին “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցավ սփյուռքահայ բարեգործ Ջուլի Աշեկյանին և նրա հիմնադրած “Մեր տունը” սոցիալական հասարակական կազմակերպության գործունեությանը նվիրված համանուն ֆիլմի և տեսահոլովակի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Տիկին Ջուլին իր մարդասիրական գործունեությունը Հայաստանում սկսել է ծավալել 1988թ. երկրաշարժից հետո`  իրականացնելով CASP ծրագիրը, որից 22 տարվա ընթացքում օգտվել է 15000-ից ավել միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա: Հետագայում ծրագրի միջոցները կենտրոնացվել են Գավառի մանկատանն աջակցելու համար: CASP-ի շնորհիվ մանկատան շենքն ապահովվել է մշտական ջրով, կաթսայատնով, բացվել է ատամնաբուժարան, երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ և այլն: Մանկատան մեծահասակ աղջիկների համար գնվել է շենք, հիմնովին վերանորոգվել ու ապահովվել բոլոր հարմարություններով:

2005թ. տիկին Ջուլին ԱՄՆ-ում ստեղծել է “Մեր տուն” վարչությունը, որի նպատակը Հայաստանում մանկատան շրջանավարտ աղջիկների կրթության ու ապաստանի հարցերով զբաղվող կազմակերպության հիմնումն էր: Արդեն 2006թ. Էջմիածին քաղաքում սկսել է գործել “Մեր տունը” սոցիալական հասարակական կազմակերպությունը: Մինչ օրս կազմակերպությունում ապաստանել և կրթվել է մանկատան 16 սան:

Շնորհանդեսից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը տիկին Ջուլիին պարգևատրեց նախարարության մեդալով:

“Որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ես պետք է գնահատանքի խոսքեր ասեի 22 տարվա Ձեր  հայրենանվեր աշխատանքի մասին, սակայն առավել ևս ֆիլմը դիտելուց հետո կարծում եմ դրա անհրաժեշտությունը չկա: Դուք այնքան բան եք հասցրել անել, որ միայն  թվարկելը բավական երկար  ժամանակ կպահանջի: Ոչ միայն որպես նախարար, այլև որպես հայ մարդ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Հայաստանի երեխաներին ցուցաբերած անշահախնդիր, հետևողական օգնության համար,  ցանկանալ առողջություն, ուժ և կորով”, – ասաց նախարարը: