Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացման արարողությունը

0
100

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, բազմաթիվ հյուրեր:

Մանկատան տնօրեն Հ. Բալասանյանը հյուրերին ներկայացրեց մանկատան պատմությունը, կատարված աշխատանքները, ծրագրերն ու խնդիրները: Մանկատունը  նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքի համար: Այն իրականացնում է մանկատան սաների շուրջօրյա  խնամքը, երեխայի ուսուցումը` հնարավորությունների շրջանակներում, ինքնասպասարկման հմտությունների կիրառումը, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը, վերականգնողական տարբեր  միջոցառումներ:

Վերջին տարիներին մանկատան գերծանրաբեռնվածությունը իր հերթին հաստատությունում ընդունելության և սաների տեղափոխության մի շարք խնդիրներ առաջացրեց: Խնդիրը լուծելու նպատակով կառուցվեց նոր մասնաշենք, որի շինարարության, գույքի ձեռքբերման, տարածքի բարեկարգման, ենթակառուցվածքների /ջուր, կոյուղի և այլն/ համար պետական բյուջեի միջոցներից ծախսվեց շուրջ 600 մլն. դրամ: Աշխատանքները սկսվել էին 2007թ.:

Նոր մասնաշենքի բարենպաստ պայմանները հնարավորություն կտան սաների խնամքն ու բուժումը կազմակերպել ավելի արդյունավետ ու նպատակային, տալ մարդկային ջերմություն ու հոգատարություն, ինչին նրանք կարոտ են ավելի: