ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ինտեգրված սոցիալական ծառայությունների (ԻՍԾ) տրամադրման փորձնական ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը:
Օրակարգում ԻՍԾ տրամադրման համար անհրաժեշտ շենքային պայմանների և միասնական ընդունարանների ստեղծման (Ա. Սարգսյան) և ԻՍԾ տրամադրման համակարգի ներդրման (Ա. Մինասյան) ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացումն էր, այլ հարցեր:
Փորձնական ծրագիրն իրականացվում է Արարատի մարզում, ուստի Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համակարգող Ա. Սարգսյանը ներկայացրեց Արարատ, Վեդի, Մասիս և Արտաշատ քաղաքներում վերակառուցվող տարածքներում իրականացվող աշխատանքները: Սահմանվեցին հստակ ժամկետներ յուրաքանչյուր կենտրոնի վերակառուցման, կահույքով և տեխնիկական (համակարգչային և ծրագրային) միջոցներով ապահովման համար: Բացի Արտաշատից, որտեղ աշխատանքներն ավելի ուշ են սկսվել, երեք կենտրոնների համար նշված աշխատանքների վերջնաժամկետը սահմանվեց 2013թ. հունվարի 15-ը:Բացի դրանից, յուրաքանչյուր բաղադրիչի համար նշանակվեցին պատասխանատուներ, որոնք կվերահսկեն աշխատանքների կատարումը:
Իրավական ակտերի, մեթոդական ցուցումների, դեպքի վարման, սոցիալական աշխատողների էթիկայի կանոնների հաստատման և մի շարք այլ գործընթացների մասին տեղեկատվություն տրամադրեց նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը:
Քննարկման ժամանակ հնչեցին մտահոգություններ, մասնավորապես` կապի միջոցների միասնականացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման, միասնական արխիվի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Պարոն Պետրոսյանը հանձնարարեց վեր հանել բոլոր խնդիրները, որպեսզի հնարավորինս արագ լուծումներ տրվեն դրանց:
Քննարկվեցին նաև միասնական ընդունարանի աշխատակիցների թվի, նրանց պաշտոնների անձնագրերի, միասնական դիմումի ձևի, դրանց շարժի, պատասխանատուների, հանրային իրազեկման միջոցառումների իրականացման և բազմաթիվ այլ հարցեր: Բոլոր գործընթացների համար նշանակվեցին պատասխանատուներ, սահմանվեցին հստակ ժամկետներ:
Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքներին օժանդակելու համար ստեղծվում է փորձագիտական խումբ և կոչ արեց աշխատանքային խմբի անդամներին` խստորեն պահպանել սահմանված բոլոր ժամկետները: