Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Եվրոպայի ժողովրդագրական ապագայի ձևավորում» նախարարական առցանց համաժողովին

0
92

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առցանց ձևաչափով մասնակցել է UNFPA Armenia-ի կողմից կազմակերպված «Եվրոպայի ժողովրդագրական ապագայի ձևավորում» նախարարական համաժողովին, որի ընթացքում քննարկվել են եվրոպական երկրներում ժողովրդագրական գործընթացներին, ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց կարգավորմանն ուղղված ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Երկօրյա համաժողովին ներկա է գտնվել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Բուլղարիայի Հանրապետության նախագահի հովանու ներքո անցկացվող համաժողովը նպատակ ունի աջակցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կարողությունների հզորացմանը՝ պատշաճ արձագանքելու տարածաշրջանի առջև ծառացած ժողովրդագրական հիմնախնդիրներին։

Նարեկ Մկրտչյանն, իր ելույթում անդրադառնալով Հայաստանում ժողովրդագրական իրավիճակին, ընդգծել է գյուղական բնակավայրերում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և նշել, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակում դիվերսիֆիկացված մոտեցում կկիրառվի գյուղական բնակավայրերի զարգացման համար․նախ առկա հիմնախնդիրները մանրակրկիտ կդիտարկվեն և կգնահատվեն, որից հետո կձևակերպվեն և կներդրվեն քաղաքականության մեխանիզմները։  

«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) աջակցությամբ սկսել ենք մշակել ՀՀ ժողովրդագրության քաղաքականությունը, որը հնարավորություն կտա իրականացնել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված առավել նպատակային, ռազմավարական ծրագրեր՝ հաշվի առնելով հատուկ կարիքները և գյուղական բնակավայրերի խնդիրները։ Ի թիվս մի շարք այլ ծրագրերի՝ շարունակվում են աշխատանքները՝ աշխատատեղերի ստեղծման, մատչելի բնակարանների ձեռքբերման, երեխաների և տարեցների համար հասանելի և որակյալ խնամքի ծառայությունների կատարելագործման ուղղությամբ»,- նշել է նախարարը։

Համաժողովի ընթացքում կարևորվել է փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը, որոնք հնարավորություն կտան մեղմել ժողովրդագրական իրավիճակի բացասական ազդեցությունները։

Նշվել է, որ համատեղ քննարկումների արդյունքում արձանագրված ժողովրդագրության միտումների և օրինաչափությունների պատճառները ևս կօգնեն լուծել տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները։