2020թ․ ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների մասնագիտական վերապատրաստման գործընթացին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Սոֆթ կոնստրակտ» ընկերություն։
Կազմակերպության հիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է ընկերությունում, հետևել կազմակերպության աշխատանքներին, քննարկել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող մանրամասներ։
«Սոֆթ կոնստրակտ»-ի հետ համագործակցության շրջանակում՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է զինծառայողների սոցիալական ներառման, մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ իրականացնել՝ զինծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասնակիցների շրջանակի ընդլայնման ու համագործակցության այլ ձևաչափերի ներդրման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 100 զինծառայողի հնարավորություն է տրվել վերապատրաստում անցնել և համալրել ընկերության աշխատակիցների թիմը։
Մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում անհրաժեշտ կարիքները հոգալու նպատակով (տրանսպորտային ծախս, անհրաժեշտ պարագաների ձեռքբերում)՝ շահառուներին տրամադրվում է ամսական առնվազն 80,000 դրամ։