Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստը։
Օրակարգում ներառված էին «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ու պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։
Նախարարի խոսքով՝ ԱՍՀՆ առաջնահերթություններից է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, մատչելի պայմանների, հասարակության մեջ լիարժեք մասնակցության ապահովումը։
Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ 2017-2021թթ․ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրի շրջանակում իրականացված բազմաթիվ միջոցառումներ հնարավորություն են տալիս գնահատել ոլորտում իրականացված աշխատանքները և ուրվագծել անելիքները, իսկ դեկտեմբերի 3-ը ևս մեկ առիթ է անդրադառնալու ոլորտային հիմնախնդիրների, քննարկելու՝ մարտահրավերներն ու հնարավորությունները։
Նախարարը անդրադարձել է նաև պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, որն իրականացվել է բազմամասնագիտական թիմի կողմից իրականացված անհատական կարիքների գնահատման հիման վրա։ Ներկայացրել է նաև նրանց մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքները․ «Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտի հիմնախնդիրները կարող են լուծվել Կառավարության, մասնավոր հատվածի, մասնագիտական համայնքի համագործակցության արդյունքում։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումն ու ոլորտի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր հարցի շուրջ համախմբել ջանքերը»,- ընդգծել է Նարեկ Մկրտչյանը։
Այնուհետև նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2026թթ․ համալիր ծրագրով նախատեսված առաջնահերթություններն ու միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, հաշմանդամության հիմքով խտրականության բացառմանը, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովմանը:
«Համալիր ծրագրի ընդհանուր նպատակը հիմնված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի մասին» ՀՀ օրենքի երկարաժամկետ, համապարփակ տեսլականի վրա։ Այն իրագործելու դեպքում կապահովվի կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջխաղացում և սոցիալական ներառում»,- հավելել է նախարարի տեղակալը։
Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։