Նախարարն ու ԱՄԷ դեսպանն այցելել են Գավառի մանկատուն

0
95

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու և առաջիկա անելիքները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին այցելել են Գավառի մանկատուն։

Վերջիններս, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և հաստատության տնօրինության ուղեկցությամբ, շրջել են կենտրոնի տարածքում, զրուցել մանկատան սաների հետ, ծանոթացել երեխաների ձեռագործ աշխատանքներին, ապա մասնակցել նախատոնական միջոցառմանը։

Ընդգծելով Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմոլորտ համագործակցության արդյունավետությունը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող ծրագրերի իրականացումը։ Նախարարի խոսքով՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների արժանապատիվ կյանքի իրավունքի ապահովումն ԱՍՀՆ առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ աշխատանքներ։

Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտելով պատրաստակամությունն անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։

Այցի ավարտին Ալ Սալամին ամանորյա տոներին ընդառաջ նվերներ է հանձնել հաստատության սաներին։