Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Գյումրի այցի շրջանակում հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության տրամադրմանն ու նրանց կենսապայմանների բարելավմանը, մարզի բնակիչների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն առանձնակի ընդգծել է պետություն-համայնք համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն, ինչը հնարավորություն կտա նախարարության կողմից իրականացվող ծրագրերը դարձնել առավել արդյունավետ և հասցեական․
«Մարզպետարանների և ՏԻՄ-երի հետ փոխգործակցության հաջողված մոդել է կիրառվել Արմավիրի և Արարատի մարզերում։ Հուսով ենք՝ Շիրակի մարզում ևս այն արդյունավետ կլինի, և սոցիալական հարցերով զբաղվող գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը»։
Նազելի Բաղդասարյանը ևս, ընդգծելով ակտիվ համագործակցության կարևորությունը, շեշտել է ներդրվող ջանքերի անհրաժեշտությունը Շիրակի մարզում գործազրկության շեմի նվազմանն ու աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերում։ Զրուցակիցները քննարկել են դրանց իրականացման մեխանիզմների ու հնարավոր շահառուների շրջանակի վերաբերյալ մի շարք մանրամասներ։
Այցի շրջանակում նախարարն ու մարզպետը եղել են նաև Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, շրջել հաստատության տարածքում, զրուցել աշխատակիցների հետ։ Քննարկվել են երեխաների կենսաբանական ընտանիքներ վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ որպես առաջնահերթություն դիտարկելով նրանց լավագույն շահի ապահովումը։