Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը` հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ

0
94

Ս/թ նոյեմբերի 19-ին “Նովոստի Արմենիի” մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին:
Խոսնակներն էին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, “Հույսի կամուրջ” ՀԿ նախագահ Ս. Թադևոսյանը, “Սկարպ” ՀԿ նախագահ Ա. Մկրտչյանը, “Փյունիկ” ՀԿ նախագահ Հ. Աբրահամյանը և “Ունիսոն” ՀԿ նախագահ Ա. Ալավերդյանը:
Հաշմանդամ անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարել է հանրապետությունում հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ: Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, միամսյակի նպատակն է բարձրացնել հաշմանդամության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը:
“Այս օրերին ոչ թե փորձում ենք սոցիալական ինչ-որ հարցեր լուծել, մենք դա անում ենք ամեն օր, և այդ խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, այլ ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել և մեկ անգամ ևս նրանց ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վրա”,-ասաց Ջ. Բաղդասարյանը:
Միամսյակի շրջանակներում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ հանրապետությունում: Նոյեմբերի 15-ից ՀՀ բոլոր մարզերում արդեն մեկնարկել է քարոզարշավը, նախատեսվում է անցկացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ազգային ռազմավարության նախագծի քննարկում: Կտպագրվեն և կտարածվեն հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիային նվիրված 2010թ. օրացույց: Միամսյակի շրջանակներում կամփոփվեն հաշմանդամության թեմայով ԶԼՄ-ների հրապարակումների ամենամյա 7-րդ մրցույթի արդյունքները: Կանցկացվեն նաև հաշմանդամ անձանց սոցիալական պաշտպանության ազգային ռազմավարության նախագծի քննարկումներ: Դեկտեմբերին նախատեսվում է էլեկտրոնային նամակներով հաշմանդամություն ունեցող անձանց մասին տեղեկատվության և հավասար հնարավորություններ ստեղծելու կոչ տարածել: <Հույսի կամուրջ> հասարակական կազմակերպության թատերախումբը հանդես կգա Երևանի տիկնիկային թատրոնում, բուհերում կկազմակերպվեն դասախոսություններ և քննարկումներ` նվիրված հաշմանդամ անձանց խնդիրների մասին իրազեկության բարձրացմանը և նրանց հանդեպ հարգանքի ձևավորմանը: Արդեն զանգվածային լրատվամիջոցների միջև անցկացվում է “Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների” խորագրով մինի ֆուտբոլի 3-րդ մրցաշարը: Նախատեսվում է դեկտեմբերին Գյումրիում բացել “Հաշմանդամների աշխատանքային վերականգնման կենտրոն”: Կկազմակերպվի նաև աուտիզմի վերաբերյալ կլոր սեղան` շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
“Այսօր շատ հաշմանդամություն ունեցող անձինք փոխել են վերաբերմունքն իրենց կարողությունների նկատմամբ: Հաշմանդամի մեջ մենք պետք է կարողանանք տեսնել այն, ինչ ինքը կարող է անել, որը շատ կարևոր է”,-ասաց Ջ. Բաղդասարյանը` նշելով, որ այդ պարագայում հնարավոր կլինի հասնել լավագույն արդյունքների:
Նախարարությունը հաշմանդամների խնդիրների լուծումը տեսնում է նաև ՀԿ-ների հետ համագործակցությամբ, որն ըստ Ջ. Բաղդասարյանի, բավական բարձր հիմքերի վրա է դրված:
“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ Հայաստանում հաշմանդամների խնդիրները բազմաթիվ են, և այդ գործում անհրաժեշտ է մասնավոր հատվածի, բիզնես աշխարհի ներկայացուցիչների մասնակցությունը: “Միայն պետական մարմինների միջոցներով հնարավոր չէ առկա բոլոր խնդիրները լուծել, աշխատանքը պահանջում է մարդկային և ֆինանսական ներդրումներ”,-նշեց Ս. Թադևոսյանը:
“Այսօր ականատես ենք լինում, որ մասնավոր կառուցապատողներն առանց մեր միջամտության կառուցում են թեքահարթակներ հաշմանդամների համար: Դա պետք է օրինակ լինի շատերի համար: Այո, առաջընթաց կա, սակայն հաշմանդամի խնդիրները բազմաթիվ են: Այսօր հաշմանդամ անձանց համար բացակայում են մատչելի պայմանները բոլոր բնագավառներում”,-ասաց “Ունիսոն” հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: Նա նշեց, որ հաշմանդամի առաջնային խնդիրներից է նաև զբաղվածությունը, քանի որ բազմաթիվ հաշմանդամներ կան, ովքեր ունակ են աշխատելու: Ա. Ալավերդյանը կոչ արեց բոլոր գործատուներին այս միամսյակի ընթացքում աշխատանքի ընդունել գոնե մեկ հաշմանդամի:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կոչ է անում բոլորին` միանալ հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակին: Համապատասխան պայմաններ և հնարավորություններ ստեղծելու դեպքում հաշմանդամ մարդիկ ևս կարող են լիարժեք մասնակցել հասարակական կյանքին: