Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ՝ Կոտայքի մարզում

0
91

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել երեխաներին։

Վերոնշյալ գործընթացը Կոտայքի մարզում (Հրազդան) իրականացնելու նպատակով նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է 8 մլն 130 հազար դրամ։

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 145 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումն, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

Կոտայքի մարզում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Երեխաների աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջոցով։