Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն այսուհետ ապահովված է ինտերնետ կապով

0
326

Հունիսի 1-ին ընդառաջ “Ռոստելեկոմ” ընկերությունը անակնկալ մատուցեց Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությանը, որտեղ կառուցել է ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով կապահովվեն հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը: Ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվել է նաև նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ ավելի շատ երեխաներ կկարողանան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները:

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է նոր նախագծեր ու ծրագրեր իրականացնել ոչ միայն այս հաստատության, այլ նաև մի շարք հաստատություններում, որոնք կնպաստեն երիտասարդության շրջանում ինտերնետ ռեսուրսներից արդյունավետ և անվտանգ օգտվելուն:

Ի դեպ, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով, հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով: 2008թ. սեպտեմբերից այստեղ խնամվում է 86 երեխա /51 տղա և 35 աղջիկ/, որոնք հաճախում են թիվ 95 հանրակրթական դպրոցը: Ուսումնական գործընթացից հետո երեխաների առօրյան լեցուն է ակտիվ հանգստով և ուրախ ժամանցով /խաղեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ/: Հաստատությունում գործում են նաև պարի, կոշկակարության, կարուձևի, համակարգչային խմբակներ: Գիշերօթիկ դպրոցը համագործակցում է Էրեբունու համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ, որի օգնությամբ տեղում գործում են փափուկ խաղալիքների պատրաստման, գոբելենի, մաքրամեի, կարատեի, փայտամշակման, նկարչության խմբակներ: Էրեբունու համայնքի երաժշտական դպրոցում երեխաները ստանում են երաժշտական կրթություն (դհոլ, շվի, քանոն): Գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի խնամակալ է հանդիսանում նրա ծնողը կամ օրինական ներկայացուցիչը` ի տարբերություն մանկատան, որտեղ երեխայի խնամակալը օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում է մանկատունը: Այս հաստատությունում երեխաները կարող են գիշերել շաբաթվա ընթացքում, իսկ շաբաթ, կիրակի և տոն օրերը հնարավորության դեպքում անցկացնել ընտանիքներում: