ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ներդրվում է համակարգի միջոցով բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների ծրագրերի արդյունավետության գնահատման և մոնիթորինգի համակարգ: Ս/թ մայիսի 29-ին տեղի ունեցավ ներդրման ուղղությամբ խորհրդատու կազմակերպության կատարած աշխատանքների ներկայացում, որին մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը, նախարարի տեղակալներ Ֆ. Բերիկյանը, Ջ. Բաղդասարյանը, Ս. Հարությունյանը, ծրագրերի հետ ուղղակիորեն առնչվող ստորաբաժանումների ղեկավարներ, մասնագետներ, “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի, Ազգային ինստիտուտի, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչներ:
“Բիզնես քոնսալթ” խորհրդատու կազմակերպությունը նոր մշակված մեթոդաբանության հիման վրա փորձարկել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող 5 ծրագրի մոնիթորինգ, որոնցից ներկայացվեց “Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայությունների” մշտադիտարկման արդյունքները:
Ըստ տեխնիկական առաջադրանքի` կազմակերպությունը կատարել է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գործառույթների մշակում, իրավաօրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում:
Այդ նպատակով կատարվել են հետևյալ գործողությունները.
ա/ծրագրի անձնագրի կազմում, բ/ մոնիթորինգի ցուցանիշների սահմանում, գ/ հաշվարկային ցուցանիշների սահմանում, դ/ գնահատման աղյուսակ, ե/ գնահատման արդյունքների վերլուծություն, եզրակացություններ և առաջարկությունների ներկայացում:
“Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ” ծրագրի արդյունավետությունը գնահատվել է 67.27 միավոր, ինչը միջինից բարձր է, դրան զուգահեռ` 1-12 կետերով արված գնահատումը վեր է հանում յուրաքանչյուր ենթաբաղադրիչի արդյունավետությունը` մատնանշելով ծրագրի ուժեղ և թույլ կողմերը:
Ներկայացմանը հետևեց շահագրգիռ քննարկում, արվեցին առաջարկություններ` սուբյեկտիվ գործոնները հնարավորինս նվազեցնելու, առնչվող ստորաբաժանումների հետ ավելի սերտ աշխատելու, ինստիտուցիոնալիզացման գործընթացն արագացնելու վերաբերյալ:
Ամփոփելով հանդիպումը` պարոն Ասատրյանը նշեց, որ այս աշխատանքներին հաջորդելու են որոշումներ, հանձնարարականներ, գնահատման արդյունքների վրա հիմնված ծրագրային փոփոխություններ, կազմվելու է միջոցառումների ժամանակացույց: Նա մեկ անգամ ևս կարևորեց նախարարության համակարգում գնահատման և մոնիթորինգի գործուն համակարգի անհրաժեշտությունը և համապատասխան հանձնարարականներ տվեց պատասխանատուներին: