Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը` որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և CAHPAH-ի փոխնախագահ, մասնակցել է Ստրասբուրգում կայացած հաշմանդամներին հասարակություն ինտեգրելուն ուղղված Եվրախորհրդի 2006-2015թթ. գործողությունների ծրագրի իրականացումը համակարգող ֆորումի (CAHPAH) չորրորդ նիստի աշխատանքներին:
Ֆորումի աշխատանքներին մասնակցել են 47 պետությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ /ILO, UNDP, UNICEF, UNESCO, UNHCR/: 15 պետությունների ներկայացուցիչներ հանդես են եկել Գործողությունների ծրագրի իրականացմանն ուղղված, նախորդ տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Հայաստանում իրականացված աշխատանքների, այդ թվում Հաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման և դրանից բխող քայլերի մասին ելույթ է ունեցել տիկին Բաղդասարյանը: Ֆինլանդիայի, Թուրքիայի և Բելգիայի զեկուցողները մասնակիցներին ներկայացրել են իրենց երկրներում հաշմանդամության ոլորտում կիրառվող նոր մոտեցումներն ու ծրագրերը:
Նիստի ընթացքում քննարկվել են մասնակից պետություններում Գործողությունների ծրագրի տեղայնացման, նրա հիմնական սկզբունքների ազգային քաղաքականության ներառման և իրականացման գործընթացի, գործողությունների ծրագրի իրականացման գնահատման չափորոշիչների մշակման հետ կապված հարցերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների խնդիրներին առանձնահատուկ մոտեցումների անհրաժեշտության խնդիրը:
Նիստի օրակարգում հաստատվել են 2010թ. դեկտեմբերի 9-10-ը Ստամբուլում նախատեսված կոնֆերանսում քննարկվելիք հիմնական թեմաները` հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելակերպի համար պայմանների ապահովում, զբաղվածության խթանմանն ուղղված նոր մոտեցումներ, CAHPAH-ի հինգ տարիների հաշվետվություն, հետագա աշխատանքների կազմակերպում: 2011թ. կոնֆերանսը տեղի կունենա Ուկրաինայում:
Ջեմմա Բաղդասարյանը վերընտրվել է որպես Հաշմանդամներին հասարակություն ինտեգրելուն ուղղված Եվրախորհրդի 2006-2015թթ. գործողությունների ծրագրի իրականացումը համակարգող ֆորումի /CAHPAH/ փոխնախագահ: