Շարունակվում են համալիր սոցիալական ծառայությունների ներդրման աշխատանքային խմբի հանդիպումները, որտեղ քննարկվում են փորձնական ծրագրի ընթացքը, իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու անելիքները: Հերթական հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը վարում էր ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանը: Իր ձևաչափով այն շրջափուլային էր. առաջին անգամ մասնակցում էին 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համակարգողները, ինչպես նաև տեղեկատվական բազայի ստեղծման, տեխնիկական խնդիրների, շինարարական և գույքով ապահովման, “Սոցիալական դեպք վարող” դասընթացի պատասխանատուները, համաշխարհային բանկի ներկայացուցիչը:
Նախարարի կողմից նշանակված համապատասխան անձինք, ինչպես նաև կենտրոնների ղեկավարները հանգամանորեն ներկայացրեցին յուրաքանչյուր կենտրոնում իրականացված աշխատանքները, խնդիրներն ու անելիքները: Քննարկվեցին գազաֆիկացման, ջրամատակարարման, կահավորման, էլեկտրաէներգիայի, համացանցի ծառայության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց մի մասին տեղում տրվեցին լուծումներ:
Այս պահին 19 կենտրոնները գտնվում են տարբեր փուլերում. մի մասում դեռ շինարարական աշխատանքներ են իրականացվում, մյուս մասն արդեն մտել է բուն գործընթացի մեջ, որոշներն էլ անցումային փուլում են, ուստի հարցերը բազմաբնույթ էին ու կարևոր: Պարոն Պետրոսյանի հավաստմամբ, բարձրացված խնդիրներն ու առաջարկները կներկայացվեն ՀՀ վարչապետին կից խորհրդի քննարկմանը: Տեխնիկական աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև վերապատրաստումներ, շուրջ 413 աշխատակից մասնակցել է “Սոցիալական դեպք վարողի” դասընթացներին, որոնք ուղղված են սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:
“Մենք շատ պատասխանատու, ծանր ու կարևոր գործընթաց ենք իրականացնում: Գաղափարի և համակարգի կայացումը մեծապես կախված է յուրաքանչյուրիս կատարած բարեխիղճ աշխատանքից, ստեղծագործական մոտեցումներից, հմտություններից ու կարողություններից: Դարձեք այս գաղափարի, նոր ստեղծվող կառույցի տերը, որպեսզի ունենանք լիակատար հաջողություններ”, – մասնակիցներին հորդորեց պարոն Պետրոսյանը:
Հանդիպման վերջում նախարարի տեղակալի կողմից տրվեցին հանձարարականներ: Մեկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնել. ա/ կենտրոնի կարիքների ամբողջական տեղեկատվություն` համաձայն գնահատման ձևաչափի, բ/ հաստիքացուցակներ` հիմք ընդունելով վերապատրաստման արդյունքները գ/ սենյակների նախնական բաշխում` ըստ պաշտոնների և հաստիքների: