Ի պատասխան աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով քաղաքացու առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի ապրիլի 12-ի N 01/12.2/1628-13 գրության` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2013 թվականի մայիսի 6-ի N ԱԱ/ԹԱ-1/3335-13 գրությամբ պատասխանվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որտեղ նշվել է.
“Գրությամբ բարձրացված հարցը քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ արդարադատության և ՀՀ ֆինանսների նախարարություններում, որի արդյունքում տեղեկացնում ենք.
2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով սահմանվեց, որ “Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը”:
Հետևաբար, դատավարության մասնակիցներից բացի այլ անձանց հետ հարաբերություններում կիրառելի են 2011 թվականի N ԵԱՔԴ/2447/02/10 որոշման մեջ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ “քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք”:
Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ “կորցրած աշխատավարձը (եկամուտը) սահմանելիս տուժողին` հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը)”:
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ կորցրած աշխատավարձը (եկամուտը) սահմանելիս հաշվի չեն առնվում՝
- հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո,
- տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2011 թվականի դեկտեմբերի 27-ի N ԵԱՔԴ/2447/02/10 որոշման մեջ անդրադարձել է քննարկվող հոդվածի բովանդակությանը: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշում է.
“Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած, այսինքն` չստացած աշխատավարձը կամ եկամուտը, որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը հատուցելու եղանակով հնարավորինս վերականգնել տուժողի մոտ նախկինում` մինչ առողջությանը հասցված վնասը եղած վիճակը: Այսինքն` օրենքը նախատեսում է քաղաքացուն հաշմանդամություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման հետևյալ տեսակները`
- տուժողիկորցրածաշխատավարձի (եկամտի) հատուցում, որընաստանումէրկամկարողէրստանալ,
- առողջությանքայքայմանհետևանքովծագածլրացուցիչծախսերիհատուցում,
- այլմասնագիտությունձեռքբերելուհամարծախսերիհատուցում:
Վերոգրյալից բացի, այլ տեսակի դրամական փոխհատուցում օրենքով նախատեսված չէ”:
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 2-րդ մասի նպատակին՝ նշելով.
“Վճռաբեկ դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համեմատական վերլուծության արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ “կորցրած աշխատավարձ” կամ “կորցրած եկամուտ” հասկացությունն օրենսդիրն օգտագործել է` որպես աշխատունակության կորստի հետևանքով աշխատել չկարողանալու և համապատասխան աշխատավարձ (եկամուտ) չստանալու հետևանք, և այդ հոդվածով համապատասխան հատուցում ստանալու տուժողի իրավունքի նախատեսումն իրականում նպատակ է հետապնդում հնարավորինս վերականգնել վերջինիս իրավունքները, այսինքն` մինչև առողջությանը վնաս պատճառելը եղած վիճակը վերականգնելը, երբ առողջությունը չվնասվելու դեպքում սովորական պայմաններում կաշխատեր և կստանար համապատասխան վարձատրություն: Ինչ վերաբերում է 1078-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթին, ըստ որի` վնասը հատուցելիս հաշվի չի առնվում տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ նորմի իմաստն այն է, որ առողջության քայքայումից հետո աշխատելու դեպքում աշխատավարձ ստանալը չի վերացնում առողջությունը վերականգնելու փուլում չաշխատելու հետևանքով չստացած, կորցրած աշխատավարձը (եկամուտը) և այլ վնասները ստանալու տուժողի իրավունքը”:
Թեև նշված գործում ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադառնում է միայն կորցրած աշխատավարձին, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մատնանշած նպատակը հավասարապես վերաբերելի է և՛ կորցրած աշխատավարձին, և՛ առողջության քայքայումից առաջ կամ հետո նշանակված կենսաթոշակներին: Հետևաբար, քանի որ առողջության քայքայումից առաջ կամ հետո նշանակված կենսաթոշակը չի կարող դիտվել որպես առողջությունը վերականգնելու փուլում չաշխատելու հետևանքով չստացած, կորցրած աշխատավարձի (եկամուտի) հատուցում և մինչև առողջությանը վնաս պատճառելը եղած վիճակի վերականգնում, արտադրական խեղման համար աշխատողին տրվող վնասի հատուցման վճարման դադարեցումը չի կարող օրինական համարվել քաղաքացուն կենսաթոշակ նշանակելու փաստի ուժով:
Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում ենք, որ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով առողջությանը պատճառված վնասի հատուցման վճարման դադարեցման համար ինքնին հիմք չէ քաղաքացու կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հանգամանքը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչության խնդիրները, լիազորությունները, աշխատանքի պետական տեսուչների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են “Աշխատանքի պետական տեսչության մասին” ՀՀ օրենքով: ՀՀ աշխատանքի պետական տեuչությունը “Աշխատանքի պետական տեսչության մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` հuկողություն և վերահuկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային oրենuդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ, իսկ 13-րդ կետի համաձայն` հսկողություն և վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ:
2012 թվականի ընթացքում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջով ՀՀ աշխատանքի պետական տեսչություն է դիմել շուրջ 40 քաղաքացի: Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, կազմակերպվել են վարչական լսումներ: Դիմումների.
– մի մասով բավարարվել է քաղաքացիների պահանջը և գործատուների կողմից վճարվել է շուրջ 700 հազար ՀՀ դրամ հատուցում,
– մեկ այլ մասը վերաբերել են լուծարված և իրավահաջորդ չունեցող կազմակերպություններին և դատական ակտով սնանկ ճանաչված կազմակերպություններին,
– մեկ այլ մասով դիմում-բողոքներով իրականացված վարչական վարույթի ընթացքում գործատուները վիճարկել են դիմումատուների պահանջը, վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած դատական ակտեր և առողջությանը պատճառած վնասի հատուցումը պայմանավորել են միայն դատական կարգով քաղաքացիների պահանջը բավարարող դատական ակտերի առկայությամբ, այսինքն` վիճարկել են արտադատական` վարչական կարգով առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարելը: Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում իրականացրել է վարչարարություն, հսկողական և վերահսկողական գործառույթներ, ընդունել վարչական ակտեր, արդյունքում գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, վերականգնվել են աշխատողների աշխատանքային իրավունքները: ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը ՀՀ աշխատանքային օրենսդրության արձանագրված խախտումները վերացնելու մասին պարտադիր կատարման հանձնարարական տալուց բացի, օրենքով այլ` վնասի գումար բռնագանձելու կամ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու լիազորություն չունի:
Բոլոր այն դեպքերում, երբ գործատուների կողմից վիճարկվել է դիմումատուների պահանջը, վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի ուժի մեջ մտած դատական ակտերը և առողջությանը պատճառված վնասի հատուցումը պայմանավորել են միայն դատական կարգով քաղաքացիների պահանջը բավարարող դատական ակտերի առկայությամբ, այսինքն` վիճարկել են արտադատական` վարչական կարգով առողջությանը պատճառված վնասի հատուցում վճարելը, քաղաքացիներին խոհրուրդ է տրվել դիմել դատարան` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, ըստ որի` վնասի հատուցում ստանալը համարվում է աշխատանքային իրավունքների պաշտպանության դատական եղանակ:
Ելնելով վերոգրյալից` առողջությանը պատճառած վնասի հատուցման վերաբերյալ դիմումների դեպքում ՀՀ աշխատանքի պետական տեսչության խնդիրն է օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնել վարչական վարույթ, օբյեկտիվ քննության արդյունքում փաստական և իրավական հիմքերի համադրմամբ, աշխատողի աշխատանքային իրավունքների խախտումների առկայության դեպքում կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, խախտումները վերացնելու նպատակով գործատուներին տալ պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ վնասի հատուցում բռնագանձելու պահանջով քաղաքացիների պահանջները ենթակա են քննության դատական կարգով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս Ձեզ է ներկայացրել իր դիրքորոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն` եթե աշխատանքի վայրում աշխատողը դժբախտ դեպքից խեղում է ստացել, գործատուն կրում է նյութական պատասխանատվություն: Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով”: