Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: Օրակարգում կար երկու հարց. “ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման, քննարկման և վերահսկողական աշխատանքների կազմակերպման ծրագիրը հաստատելու մասին” և “ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին”:
Օրակարգի առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արտակ Գրիգորյանը: 2011թ. գերակա խնդիրները երկուսն են` ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացում, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և իրագործում և կենսաթոշակային բարեփոխումների իրականացում:
Այս խնդիրները վերջին տարիներին մշտապես եղել են գերակայություններ, բացառություն չէ նաև 2011թ-ը, քանի որ այս բարեփոխումները բազմափուլ են և բազմաքայլ: Պարոն Գրիգորյանը ներկայացրեց գերակայություններից բխող օրենսդրական փոփոխությունների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մանրամասնորեն ներկայացվեց նաև ՀՀ կառավարության 2011թ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող, նախարարության կողմից իրականացվելիք 17 միջոցառումների ժամանակացույցը: Նախագիծը հաստատվեց միաձայն:
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ցանկը ներառում է 46 միջոցառում, որոնց զգալի մասն իրականացվելու է պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ: Մշակվել և շրջանառության մեջ է դրվել <<ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է Պետական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման արդյունավետության գնահատումը և ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով առաջարկությունների ներկայացումը: Նախագիծը հավակնում է ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացման բնագավառում ապահովել իրավական անհրաժեշտ հենք, ներդնել տեղեկատվության ստացման համակարգ և նպաստել ժողովրդագրական զարգացման ընթացքի մոնիթորինգի համակարգի ստեղծմանը:
Այն ուղղակիորեն կնպաստի ժողովրդագրության ոլորտում ինստիտուցիոնալ հնարավորությունների ձևավորմանը և ընդլայնմանը, այդ թվում` նպատակային քաղաքականության մշակմանը, թիրախների ընտրությանը, միջոցառումների իրականացման ժամկետների, ծավալների և ցուցանիշների հստակեցմանը:
Շահագրգիռ քննարկումից հետո օրակարգի երկրորդ հարցը ևս հաստատվեց:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, կարևորելով ներկայացված բոլոր խնդիրները, ներկաների ուշադրությունը հրավիրեց կենսաթոշակային բարեփոխումների և ինտեգրացված սոցիալական ծառայությունների հայեցակարգի վրա, շեշտելով, որ դրանց իրականացումով նոր էջ է բացվելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում: