Հոկտեմբերի 12-ին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպվել էր կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի հանրային քննարկում, որին մասնակցում էին ճյուղային և տարածքային արհմիությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Օրենսդրական փաթեթը ներկայացրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը, ֆինանսների փոխնախարար Վ. Արամյանը, ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կ. Թամազյանը, կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:
Զեկուցողները հանգամանորեն ներկայացրեցին բարեփոխումների անհրաժեշտությունը, միջոցառումների ժամանակացույցը: Շուրջ երկուսուկես ժամ տևած շահագրգիռ քննարկման ընթացքում ներկայացնողները պատասխանեցին մասնակիցների հարցադրումներին, որոնք հիմնականում վերաբերում էին համակարգի ռիսկայնությանն ու երաշխիքներին:
ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը կարևորելով նման հանդիպումները` հույս հայտնեց, որ այսպիսի աշխատանքային քննարկումները հնարավորություն կտան մինչև համակարգի ներդրումը լուծում տալ մտահոգիչ բոլոր հարցերին: