“Մարի Իզմիրլյանի” անվան մանկատանը տեղի ունեցած հրդեհի, դրան հաջորդող գործընթացների մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
Հրդեհի հետևանքով վնասվել է տղաների խմբասենյակի ննջարանային մասը: Որևէ երեխա չի տուժել: Մանկատան աշխատանքը, երեխաների խնամքը, ընթանում են բնականոն հունով: Մանկատունն ունի պահեստավորված հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ և անհրաժեշտ համապատասխան գույք: Նախարարության մասնագետները գնահատել են վնասի նախնական չափը, վերջնական գնահատականը կտան համապատասխան մարմինները:
Ելնելով վերոնշյալից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է.
- ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, իրականացնում է մանկատան սաների խնամքը` ապահովելով անհրաժեշտ սննդով, հագուստով, գույքով, ուստի որևէ օգնության անհրաժեշտություն չկա:
- Նախարարությունը շնորհակալություն է հայտնում խնդրով մտահոգ բոլոր անհատներին, կազմակերպություններին, միաժամանակ խորհուրդ տալիս ձեռնպահ մնալ մանկատանն օգնելու որևէ կոչ անելուց կամ կոչին միանալուց:
- Հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մասին նախարարությունն ըստ անհրաժեշտության կտեղեկացնի հանրությանը: