Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք “ՀՀ 2013 թվականի պետբյուջեի մասին” ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Մասնավորապես, հավանության են արժանացել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, երեխայի իրավունքների պաշտպանության 2013թ. տարեկան ծրագրերի և միջոցառումների ցանկերի նախագծերը, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան` 2008-2011թթ.)։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց համաձայն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման ժամանակ կիրառվելու է նույն ընթացակարգը, ինչ ընտանեկան նպաստի իրավունքի ժամանակ, այն է` գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի ներկայացուցիչներից կազմված խումբը կատարելու է տնային այցելություն, արձանագրելու է արդյունքը և դրա հիման վրա որոշում է կայացնելու։ Այսպիսով, կհեշտանա նպաստի իրավունքի իրացումը` անկախ մինչև երկու տարեկան երեխայի` իր բնակության վայրում գտնվելու հանգամանքից։
Կառավարության որոշմամբ Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի, Նոր Նորքի, Հրազդանի և Մեղրու ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար ստեղծվել են բավարար աշխատանքային պայմաններ և միասնական ընդունարաններ։
Գործադիրը հավանություն է տվել նաև “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” և “Դատախազության մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել 35 հազար դրամ։ Նախագծի մշակման ժամանակ հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի դրույթները, որոնց համաձայն նախատեսվում է հինգ տարում առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը և ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ: