ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված` “Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում” հետազոտության հաշվետվության ներկայացումը, որը պատրաստել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը:
Մինչ ներկայացումը նախարարը նշեց, որ ոլորտում նպատակային քաղաքականություն և ծրագրեր մշակելու և իրականացնելու համար մեծապես կարևորվում է որակյալ հետազոտությունների կատարումը, որոնք վեր կհանեն միջավայրի և մատուցվող ծառայությունների հետ կապված առկա բացերը: Այս հետազոտությունն իր տեսակի մեջ առաջինն է թե մասշտաբի, թե խորության առումով:
Հետազոտությունն իրականացվել է հարցման միջոցով, հանգամանորեն ներկայացվել են հարցմանը մասնակցած երեխաների բաշխվածությունն ըստ տարիքի, բնակավայրի, սեռատարիքային կտրվածքի, մանկապարտեզ և դպրոց չհաճախելու պատճառները, վերականգնողական ծառայությունների մատչելիությունը, սոցիալական պաշտպանվածության մակարդակը, իրազեկվածության աստիճանը և բազմաթիվ այլ ցուցիչներ: Ընդհանրացնելով նշենք, որ ծառայություններից օգտվելու, հասարակություն ինտեգրվելու առումով ամենապասիվը մտավոր խնդիրներ և համակցված հաշմանդամություն ունեցող երեխաներն են:
Հատկանշական է, որ “ի՞նչ ծառայություններ կցանկանայիք տեսնել” հարցին ծնողների գերակշիռ մասն ըստ դրանց կարևորության նշել է հատուկ բուժական ծառայությունների, ներառական մանկապարտեզների և դպրոցների, հարմարեցված հասարակական տրանսպորտի, աշխատելու հնարավորության անհրաժեշտությունը:
Վերջում տ. Պողոսյանը ներկայացրեց հիմնադրամի առաջարկությունները.
- բարելավել հաշմանդամության ճանաչման և գնահատման ընթացակարգերը
- ստեղծել ծառայությունների շարունակական շղթա երեխաների կյանքի ողջ ընթացքի համար
- ապահովել բոլոր նախակրթարանների և հանրակրթական դպրոցների հասանելիությունը
- կանխել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը
- բարձրացնել իրազեկվածությունը` մասնակցությունն ավելացնելու նպատակով:
Հետազոտության մեթոդաբանության, եզրահանգումների վերաբերյալ ծավալվեց քննարկում, որին մասնակցում էին նախարարության խնամքի հաստատությունների տնօրեններ, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Պարոն Ասատրյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին` նախարարության խնդրանքին արձագանքելու և մեծածավալ հետազոտություն իրականացնելու համար:
“Հետազոտության արդյունքներն օգտակար կլինեն սոցիալական ծառայությունների տրամադրման մեխանիզմների բարելավման ընդհանուր գործընթացում, որպեսզի բացառվեն հաշմանդամության պատճառով դպրոց չհաճախելու դեպքերը, բարելավվեն և անհատական պահանջմունքներին համապատասխանեցվեն երեխաներին ու նրանց ընտանիքներին մատուցվող վերականգնողական ծառայությունները, ընդլայնվեն համայնքային ծառայությունները: Սրան կնպաստի նաև ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը”,- նշեց նախարարը:
Հետազոտության արդյունքների հանրային ներկայացումը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 16-ին: