0
487

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր նախարար Ա. Ասատրյանը: Մասնակցում էին նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը, Բժշկասոցիալական  փորձաքննության գործակալության աշխատակազմը և 25 տարածքային մարմինների ղեկավարներ:

“Այն խնդիրները, որոնց մասին այսօր խոսելու ենք, այսօր կամ երեկ չեն առաջացել: Վարչապետի վերահսկողական ծառայության ներկայացրած տեղեկանքում վեր են հանված հարցեր, որոնց շուրջ ակնկալում եմ առարկայական քննարկում: Այս ոլորտում աշխատելը հեշտ չէ, սակայն ընտրությունն ինքներս ենք կատարել: Անհրաժեշտ է քննարկել բոլոր խնդիրները, հասկանալ և գտնել լուծումներ”,- նշեց պարոն Ասատրյանը:

Նախարարի պահանջով գործակալության ստորաբաժանումների ղեկավարները հանգամանորեն ներկայացրեցին իրենց գործառույթները, փորձաքննությունների անցկացման կարգը, խնդիրները: Նախարարին հետաքրքրեց օրենսդրական դաշտի կարգավորման անհրաժեշտության հարցը: Խնդիրն այն է, որ հանձնաժողովները հիմնականում աշխատում են գործակալության պետի կողմից հաստատված ուղեցույցերով, իսկ ըստ նախարարի, և դրա հետ համաձայնեցին նաև ներկաները` անհրաժեշտ է ընդունել գերատեսչական իրավական ակտեր, ինչը կկանոնակարգի աշխատանքը և էականորեն կնվազեցնի ընդունվող որոշումների սուբյեկտիվությունը:

Քննարկվեցին նաև մեթոդաբանության հստակեցման, մասնագետների վերապատրաստման, վերադասության կարգով բողոքարկման նպատակով անկախ մարմին կամ ստորաբաժանում ունենալու անհրաժեշտության, բուժական հաստատություններից ստացվող տեղեկանքներում լեզվի (հայերենի փոխարեն ռուսերեն) և ոչ ճիշտ գործավարության (չհամարակալված փաստաթղթեր), հաշմանդամություն ունեցող անձանց անհատական վերականգնողական ծրագրերի (ԱՎԾ) արդյունավետությունը բարձրացնելու, փորձաքննությանը հիվանդի բուժող բժշկի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու և բազմաթիվ այլ հարցեր:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` նախարարը նշեց. “Խստորեն զգուշացնում եմ. եթե այսուհետ որևէ կոնկրետ դեպք, բողոք եղավ, աշխատանքից ազատելը լինելու է ամենաթեթև հետևանքը: Մյուս կողմից` հասկանում եմ, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ նորմալ աշխատեն: Փորձենք աշխատանքը կազմակերպել այնպես, որ վերանան խնդիրներ ծնող պատճառները, կոռուպցիոն ռիսկ պարունակող գործառույթները: Հաշմանդամության նոր մոդելին անցնելու կապակցությամբ չափորոշիչների հստակեցման բարդ և պատասխանատու աշխատանք է սպասվում”:

SHARE
Previous article
Next article