Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
76

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանը հյուրընկալել էր հաշմանդամների երեք սերնդի ներկայացուցիչների: Ողջունելով ներկա գտնվողներին` նախարարը նշեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչված է և պատրաստ է պաշտպանել հաշմանդամ անձանց իրավունքները, մասնավորապես` հավասար պայմաններ ապահովելու, զբաղվածության, հաշմանդամ երեխաների կրթության խնդիրները լուծելու, մշակութային կյանքին մասնակից դարձնելու գործում:
Խնդիրներն այնքան բազմազան և բարդ են, որ նախարարությունը միայնակ ի զորու չէ լուծել դրանք, ուստի պետք է սերտ համագործակցել ինչպես մյուս պետական գերատեսչությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և ողջ հասարակության հետ:
“Խորհրդային տարիներին անհնար էր հաշմանդամ մարդկանց տեսնել փողոցում: Այսօր դուք մասնակցություն ունեք հասարակության կյանքում, ստեղծել եք լուրջ հասարակական կազմակերպություններ և աջակցում եք և հաշմանդամներին, և կառավարությանը: Ես ուրախ եմ , որ դուք կայացել եք: Մենք մեր հերթին փորձելու ենք յուրաքանչյուր օր ու ժամ անել ավելին, որպեսզի Ձեր կյանքն ավելի բարեկեցիկ դառնա և դուք ներառվեք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` որպես լիարժեք անդամներ: Ոչ ոք երաշխավորված չէ հաշմանդամությունից: Սա պետք է գիտակցեն բոլորը: Մեր կողքին մեր հայրենակիցներն են և նրանք իրավունք ունեն արժանապատիվ ապրելու”- նշեց պարոն Մնացականյանը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին մինչ օրս նախարարության կողմից ցուցաբերված աջակցության, խնդիրները լուծելու պատրաստակամության և հոգատարության համար:
“Ես նոր եմ այս նախարարությունում և ես ևս միանում եմ ձեզ ու շնորհակալություն հայտնում նախարարության անձնակազմին` կատարած աշխատանքի համար: Ուղղակի խոստանում եմ էլ ավելի պահանջկոտ ու խիստ լինել աշխատակիցների հանդեպ` Ձեր նկատմամբ ավելի ուշադիր և ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար”- ավելացրեց նախարարը:
Մասնակիցները նախարարի կողմից պարգևատրվեցին մեդալներով, շնորհակալագրերով, նվերներով: