Սիրելի բարեկամներ,
Դեկտեմբերի 3-ը, որպես հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992 թվականից` համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունած բանաձևի:
Հաշմանդամների հիմնախնդիրները գտնվում են մեր կառավարության, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում: Դրանք բազմազան են և բազմաբնույթ` սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից մինչև բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում և զբաղվածության խնդիրների լուծում: Պակաս կարևոր չէ նաև հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, ինչի ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների կողմից:
Հասկանալի է, որ հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մակարդակն անմիջականորեն կախված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման աստիճանից: Ցավով պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում մեր պետության սուղ հնարավորությունները թույլ չեն տվել լիարժեք լուծում տալ հասարակության խոցելի խմբերի, այս դեպքում` հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին: Այս առումով մենք դեռ շատ պարտավորություններ և անելիքներ ունենք:
“Հաշմանդամներն ունեն հավասար իրավունքներ”-սա սոսկ արտահայտություն չէ: Հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, օգտագործելով զարգացած երկրների փորձը և նվաճումները` մենք պետք է ստեղծենք մի հասարակություն, որտեղ հաշմանդամ մարդը կապրի լիարժեք, բարեկեցիկ կյանքով և լիակատար հավասարության պայմաններում:
Թույլ տվեք նախարարության կոլեկտիվի և անձամբ իմ անունից Ձեզ բոլորիդ, հանրապետության բոլոր հաշմանդամներին մաղթել առողջություն և բարեկեցություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Մխիթար Մնացականյան