Հոկտեմբերի 13-ին Երևանի Էրեբունի-Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ Միգրացիոն ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, Իտալիայի հանրապետության դեսպան Բրունո Սկապինին, աշխատանքային միգրացիայի հիմնահարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Կենտրոնը բացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության /ՄՄԿ/ “Անկանոն միգրացիայի կանխարգելում և կանոնավոր միգրացիայի խթանում Հայաստանում և Վրաստանում” տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Իտալիայի դեսպանատան աջակցությամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության համագործակցությամբ տեղայնացված միգրացիոն ռեսուրս կենտրոնի նպատակը արտերկիր մեկնել ու աշխատել նախապատրաստվող անձանց տեղեկացնել, կողմնորոշել և վերապատրաստելն է:
Ծրագիրը նպատակաուղղված է հզորացնել աշխատանքային միգրացիայի խնդիրներով զբաղվող ծառայությունների կարողությունները, կառավարման ենթակառուցվածքները և պոտենցիալ միգրանտների վերաբերյալ տեղեկությունների ձեռքբերման մեխանիզմները: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ ինքնուրույն և հզոր միգրացիոն տեղեկատվական համակարգեր:
ՄՄԿ-ն կազմակերպելու է համապատասխան մասնագետների վերապատրաստման աշխատանքներ, որպեսզի պոտենցիալ միգրանտներին մատուցվող բոլոր ծառայությունները, մասնավորապես` տեղեկությունների տրամադրումը և համապատասխան ուղղորդումները լինեն բարձրորակ: Կազմակերպությունն ապահովելու է նաև փորձագիտական աջակցություն և խորհրդատվություն` մեկնման երկրներում միգրացիայի հնարավորությունների վերաբերյալ: Մշակվել են համապատասխան ուղեցույցներ` 16 երկրների էմիգրացիոն օրենսդրության, վիզաների ձեռքբերման, զբաղվածության հնարավորությունների վերաբերյալ:
Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ նման կենտրոններ նախատեսվում է տեղայնացնել Աշտարակի և Իջևանի մարզային զբաղվածության կենտրոններում:
-“Նմանատիպ կենտրոնների առկայությունը հնարավորություն կտա արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին լինել տեղեկացված և պաշտպանված: Երկրորդ կարևոր հարցը վերադարձող քաղաքացիներին մեր աշխատաշուկա ինտեգրելն է, և այս ուղղությամբ ևս նմանատիպ ծառայությունները շատ արդիական են: Կարևորում եմ ծրագրի ընդլայնումը”- բացման խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: