0
112

“Եվրասիա համագործակցության հիմնադրամի” “Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ” ծրագրի շրջանակներում, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ հունիսի 27-ին “Անի Պլազա” հյուրանոցի “Գառնի” սրահում տեղի ունեցավ “Համակարգչային ծրագրերն ու տեղեկատվական մատչելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար” թեմայով կլոր սեղան-քննարկումը: Մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված համակարգչային ծրագրերի կիրառումը Հայաստանում, դրանց արդյունավետությունը և հայերենով տեղեկատվություն ստանալու հնարավորությունները:

Կույրերի և թույլ տեսողություն ունեցող անձանց համար ստեղծված ծրագրերի հետազոտության համաձայն ներկայացվեց “Արև” համակարգի և աշխարհում գոյություն ունեցող այլ համակարգերի /JAWS, NVDA/ նմանություններն ու տարբերությունները: Նշվեց, որ “Արև” համակարգն իր առավելություններով հանդերձ զարգացման մեծ ճանապարհ ունի: Այն հայերեն է և ունի ուսուցանող ձայնային փաթեթ, որը մատչելի է սկսնակների համար: Խնդիր ունեցող անձանց համար կարևորը ծրագիրը ինքնուրույն օգտագործել կարողանալն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն իր հերթին խոսեց “Արև” համակարգի ուսուցման և տեխնիկայի տրամադրման ծրագրի մասին. ովքե՞ր են օգտվում, ի՞նչ չափանիշներով և ու՞մ է հատկացվում: 2008 թվականից որպես պետական նպատակային ծրագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն  իրականացնում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց “Արև” համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման ծրագիրը: “Արև” համակարգը հատուկ համակարգչային համակարգ է, որի միջոցով տեսողության խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել համակարգչային տեխնիկայից: Այն հնարավորություն է տալիս տեսողական խնդիրներ ունեցող անձանց օգտվել համակարգչի գրեթե բոլոր հնարավորություններից: Սկաների միջոցով կարելի է մուտքագրել ցանկացած նյութ, լսել այն, օգտվել համացանցից, էլեկտրոնային գրադարանից, շախմատ խաղալ, երաժշտություն գրել և այլն:

“Արև” համակարգի ուսուցումը և համակարգչային տեխնիկան տրամադրվում է տեսողության խնդիրներ ունեցող 1-ին խմբի հաշմանդամներին և տեսողությունից զրկված հաշմանդամ երեխաներին որոշակի առաջնահերթություններից ելնելով`

  • ԲՈՒՀ-երի ուսանողներ,
  • աշխատող հաշմանդամներ, որոնց աշխատանքն ուղղակիորեն առնչվում է համակարգչի հետ,
  • հանրակրթական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներ, քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ,
  • աշխատանք փնտրող հաշմանդամներ:

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կողմից համակարգչային տեխնիկան տրամադրվում է մեկ անգամ, տասը տարի ժամկետով` ուսուցումն իրականացնելուց և համապատասխան վկայական տրամադրելուց հետո: “Արև” համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկան ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում դիմում, անձը և հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և նշված առաջնայնությունը հաստատող տեղեկանք: Թեկնածուների ընտրությունը կատարվում է հանձնաժողովի կողմից:

2008 թվականից առ այսօր տեսողության խնդիրներ ունեցող անձանց “Արև” համակարգի ուսուցման դասընթացներին մասնակցել և համակարգչային տեխնիկա են ստացել տեսողական խնդիրներ ունեցող 80 անձ:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց նաև նոր` disabilityinfo.am կայքը, որը կփորձի լուծել տեղեկատվության հասանելիության խնդիրը, լուսաբանել այն թեմաները, որոնք կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ զանգվածային լրատվամիջոցների համար կհանդիսանա տեղեկատվական բազա:

Քննարկման ընթացքում ելույթ ունեցան ոչ միայն ծրագրեր ստեղծողները, այլև օգտագործողները, որոնք ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու դիտարկումները: