Նախարարը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի և IOM հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ այցելել է «Ձորակ» խնամքի կենտրոն

0
101

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված շենքային պայմանների բարելավման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM)  հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ այցելել է հաստատություն։

Վերջիններս ծանոթացել են խնամքի կենտրոնում՝ Ճապոնիայի ֆինանսական աջակցությամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքին, քննարկել համագործակցության շարունակականության և համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

Այցի ընթացքում հյուրերը շփվել են շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, լսել հուզող հարցերը։

Կենտրոնի աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են նաև շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու արժանապատիվ կյանքի ապահովմանն ուղղված առաջիկա անելիքները։

Ճապոնիայի ֆինանսական աջակցությամբ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում։