Վայոց Ձորի մարզում կիրականացվեն մանկական զարգացման երեք կենտրոնների վերանորոգման և կարողությունների ընդլայնման աշխատանքներ

0
37

Վայոց Ձորի մարզում մանկական զարգացման երեք կենտրոնների վերանորոգման և կարողությունների ընդլայնման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել։  

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է համայնքային ծառայությունների հասանելիության ապահովումն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև շահառուների բարեկեցության, արժանապատիվ կյանքի ապահովման, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի բարելավման նպատակով` Ճապոնիայի կառավարության կողմից խոցելի խմբերին (մասնավորապես՝ տարեցներին, երեխաներին և հաշմանդամություն ունեցող անձանց) ուղղված միջոցառումների դերը․

«Սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը բազմամյա դրական փորձ ունի, և այս պայմանագրի կնքումը մեկ անգամ ևս փաստում է, որ շարունակական ներդրված ջանքերը ծառայում են իրենց նպատակին։ Վստահ եմ, որ «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունն, իր հերթին, պատշաճ և լավարկված ծառայություններ է տրամադրելու շահառուներին»։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ևս կարևորել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու սոցիալական հարմարվողականությանն ուղղված ծրագրերի իրականացումն՝ այս համատեքստում շեշտելով Վայոց Ձորի մարզում երեխաների զարգացման կենտրոններում մարզական թերապիայի համար նախատեսված խաղահրապարակների վերանորոգման և բարելավման անհրաժեշտությունը․ «Ծրագրի շրջանակում ավելի քան 300 երեխա կօգտվի բարելավված պայմաններից, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս պայմանագրի միջոցով ևս կնպաստենք տարածաշրջանում  կրթության որակի և երեխաների բարեկեցության ապահովմանը»։

«Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրեն Լուսինե Սիմոնյանն իրականացվող ծրագրի շրջանակում ընդգծել է պետություն-մասնավոր սեկտոր արդյունավետ համագործակցության դերն ու շեշտել երեխաներին տրամադրվող ծառայությունների հասանելիության ու որակի բարելավման ապահովումը։ 

Կողմերը հույս են հայտնել, որ պայմանագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքները կկազմակերպվեն նախատեսվածի համաձայն և գրանցեն դրական արդյունք։