0
100

* Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումները: “Մեր այսօրվա խորհրդակցության հրատապությունը պայմանավորված է հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակով: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և փաստերի”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ:
ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն» իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: “Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել “պահանջվող գումարները” չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է “ապօրինի գումարով” հաշմանդամության ստացման հնարավոր ուղին”,- ասել է Սարգիս Գրիգորյանը:
“Հարգելի գործընկերներ, դուք տեսնում եք, որ մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Ընդ որում բազմիցս հայտարարել ենք, որ մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում են այն ոլորտները, որտեղ պետությունը ծառայություններ է մատուցում հազարավոր քաղաքացիների: Քաղաքացիները մեր և ձեր մասին պատկերացում են կազմում չինովնիկի հետ տեղերում շփվելով:
Այժմ վերահսկողական ծառայությունն ինձ զեկուցում է, որ հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում կաշառակերությունը համատարած է: Համակարգում կան բացառություններ, պարկեշտ աշխատողներ, մի քանի մարզերում մենք հանդիպել ենք այդպիսի դեպքերի, բայց դա օրինչափություն չէ:
Տարեկան 65-70 հազար քաղաքացի առնչվում է այս կոռուպցիոն ռիսկերի հետ: Բժշկական հիմնարկին 15000-20000 դրամ են տալիս, որպեսզի տեղեկանք ստանան, հանձնաժողովում ևս նույնքան են վճարում, եթե դա չանեն, ապա մարդու հաշմանդամության խումբը չեն վերանայելու: Այդ 65 հազար մարդը մեր մասին, կոնկրետ ձեր նախարարության մասին ի՞նչ պատկերացում են կազմելու, չե՞ն ասելու, որ բոլորն էլ գիտեն, ուղղակի լռում են:
Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ: Ես պահանջում եմ ձեզնից, պարոն նախարար, անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերին ու մեկ անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Ազատվեք այդ մարդկանցից, որպեսզի մեզ հավատան: Բազմաթիվ ազնիվ և պարկեշտ մարդիկ կան, ովքեր ցանկանում են աշխատել: Հենց այսօր ես Ձեզնից կադրային փոփոխություններ եմ սպասում”
,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ծանոթանալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերին և բոլոր այն կետերում, որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացնել կադրային փոփոխություններ:
Արտեմ Ասատրյանն ի գիտություն է ընդունել վարչապետի հանձնարարականը և նշել, որ բացահայտված դեպքերի առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն, իսկ նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:

/Հղումը` ՀՀ կառավարության www.gov.am կայքին/

*ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել /Միշա/ Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: