Մասնագիտության օրեր Տավուշի և Լոռվա մարզերում

0
94

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը Տավուշի և Լոռվա մարզերում հոկտեմբերի վերջին անցկացրել է <<Մասնագիտության օրեր>> ծրագիրը, որի նպատակն էր դեռահասներին ներկայացնել մարզում պահանջարկված մասնագիտությունը և աշխատաշուկայում մրցունակ լինելու կարևորությունը:

<<Մասնագիտության օրեր>> ծրագրով նախատեսված միջոցառումները ներառում էին աշակերտների մասնագիտական կողմնորոշման ինտերակտիվ դասընթացներ, երիտասարդների համար սեմինարներ` ուղղված աշխատաշուկայում նրանց ինտեգրմանը, գործատուի ներկայացուցչի և մասնագետի կողմից մարզի պահանջարկված մասնագիտության ներկայացում և մասնակից ակտիվ երիտասարդների մասնակցությամբ բանավեճ` <<Ընտրել մասնագիտություն աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա, թե` ոչ>> թեմայով: Բանավեճի անցկացման տեխնիկան նույն օրը նախապես ներկայացվել էր երիտասարդներին: Ծրագրին մասնակցել է շուրջ 200 աշակերտ և երիտասարդ: Այն հարցին, թե հատկապես ինչը տպավորվեց ծրագրի ընթացքում, մասնակից աշակերտների գերակշիռ մեծամասնությունը նշել է դասընթացների ինտերակտիվ բնույթը, մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերումը և մասնագիտության գիտակցված ընտրություն կատարելու կարևորությունը: Նրանց կողմից բարձրացված հարցադրումները և քննարկումները ավելի հետաքրքիր դարձրին ծրագիրը: Ավարտին աշակերտներին է ներկայացվել պահանջարկված մասնագիտության նկարագրությունը տպագիր բուկլետի տեսքով:

Ի դեպ, նախապես ուսումնասիրությունների արդյունքում որպես պահանջարկված մասնագիտություն Տավուշի մարզում ընտրված էր գինեգործությունը, իսկ Լոռիում` դերձակ-մոդելավորողը:

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի <<Տնտեսական մրցունակության ապահովմանն ուղղված կրթական քաղաքականություններ>> թեմայով շահագրգիռ կողմերի խորհրդաժողովի շրջանակներում Բրիտանական խորհրդի <<Հմտություններն աշխատանքում>> ազգային ծրագրի աջակցությամբ: