Նարեկ Մկրտչյանը մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին

0
84

Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որին մասնակցում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմին է, որի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։     

Նստաշրջանի քննարկումների առանցքում գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների առաջխաղացմանն առնչվող մի շարք հարցեր են՝ կլիմայական փոփոխությունների, բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման քաղաքականության համատեքստում։

Որպես առաջնահերթություն դիտարկելով կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ խտրականության վերացումն ու  հավատարիմ լինելով ՄԱԿ-ի շրջանակում ստանձնած հանձնառություններին՝ ՀՀ շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

Այս տարի անցկացվող նստաշրջանի շրջանակում ՄԱԿ ՀՀ առաքելության կողմից կազմակերպվել է նաև «Կանայք՝ պետականաշինության մեջ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի՝ Միացյալ ազգերի կազմակերպությանն անդամակցելու 30-ամյակին։