Մարտի 14-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման գործընթացներում կանանց ու աղջիկների առաջխաղացմանն՝ ընդգծելով գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին միանալու Հայաստանի հանձնառությունը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգին։
«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է գենդերային հավասարության ապահովումը՝ շրջակա միջավայրի կայունությանը, ճկունության զարգացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու ճգնաժամերի մեղմացմանն ուղղված ծրագրերում։ Միանալով 2015-2030 թվականների Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագրին (ԱՌՆ)՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել աղետների ռիսկերի կառավարման, ճկունության բարելավման և աղետներին դիմագրավելու պատրաստվածության բարձրացման ուղղությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։
Այս համատեքստում նախարարն ընդգծել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարում գյուղաբնակ կանանց ներգրավումը, պատերազմի և հետպատերազմյան շրջանում կանանց անվտանգության մարտահրավերների հաղթահարումը, կանանց դերի բարձրացման, կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խնդիրների լուծման ազգային մեխանիզմների ամրապնդումը և այլն։
Քննարկումների ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև գենդերային և կլիմայի փոփոխության հարցերի շուրջ հանրային իրազեկման արշավների իրականացումը՝ հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ: