Սոցիալական ոլորտը մնում է կառավարության ուշադրության կենտրոնում

0
97

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ընթացքում հիմք ընդունելով “ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին” օրենքը` կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, նվազեցնել կոռուպցիոն ռիսկը։ Անձը հնարավորություն կունենա կասեցման համար սահմանված ժամկետում վերադաս մարմնից ստանալ համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, ինչի շնորհիվ փորձաքննական որոշումը կկայացվի առավել օբյեկտիվ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել մոտ մեկ տարի առաջ նախարարությունում անցկացված խորհրդակցությունից և տրված հանձնարարություններից հետո։ Նախարարը թվարկել է աշխատանքի էական բարելավմանն ուղղված, այդ թվում` կադրային փոփոխությունները, նշել, որ զգալիորեն պակասել են քաղաքացիներից ստացվող դիմումբողոքները։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությանը, ապա այն նույնպես հիմնովին բարեփոխվել է, և դա զգացել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Հղումը` www.gov.am