Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառմանը

0
73

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպված «Սոցիալական աշխատողը Երևան համայնքում» խորագրով միջոցառմանը՝ նվիրված սոցիալական աշխատողի միջազգային օրվան:

Արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն ևս մեկ անգամ կարևորել ու հաստատել սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի դերն ու նշանակությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց կյանքում։ Վերջինիս խոսքով՝ սոցիալական աշխատողների ամենօրյա գործունեությունն ուղղված է հասարակության խոցելի խմբերի ուժերի բացահայտմանը, ընտանիքի և համայնքի հզորացմանն ու բարեկեցության ապահովմանը։

«Սոցիալական աշխատողները բազմիցս են ապացուցել, որ պատվով են կրում իրենց կոչումը և մեծ նվիրումով իրականացնում իրենց վերապահված բարդ աշխատանքը։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ բոլոր այն սոցիալական աշխատողներին, ովքեր ամուր կանգնեցին մեր քաղաքացիների կողքին թե՛ համավարակի, և թե՛ պատերազմի օրերին»,– նշել է նախարարի տեղակալը։

Միջոցառման ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ներկայացվել է նաև Երևան համայնքի նոր սոցիալական պաշտպանության համակարգը, սոցիալական աշխատողների կողմից իրականացված աշխատանքները։