0
97

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, որը վերջերս է ստանձնել այդ պաշտոնը: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` պարոն Ասատրյանը նշեց, – “Ցանկանում եմ բեղմնավոր, արդյունավետ աշխատանք: Այն աշխատանքային, գործընկերային հարաբերությունները, որ կայացել են մեր նախարարության և ձեր կազմակերպության միջև, նպաստել են սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացմանը: Հուսով եմ, որ դեռ երկար կաշխատենք”:

-“Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում, հույս ունեմ սիրտ ու հոգի դնել իմ աշխատանքում և հասնել արդյունքների: Դուք մեծ հաջողությունների եք հասել հատկապես կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում: Սա բարդ պրոցես է, որը պահանջում է քաղաքական կամք, հանրային կրթություն և իրազեկում”,- նշեց հյուրը: Գործընկերները քննարկեցին ՀՀ ԱՍՀՆ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև 2012թ. ապրիլին ստորագրված “Սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրի” շրջանակներում համատեղ իրականացվող ծրագրի բաղադրիչների` կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում իրազեկման  աշխատանքների ընթացքը  և ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը:

Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրեց այն խնդիրները, որտեղ բարդություններ, դժվարություններ է տեսնում: Ըստ նախարարի` անհրաժեշտ է ուսուցանել, պատրաստել այն մասնակիցներին, ովքեր 2013թ. հունվարից պետք է էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնեն: Մշակվել են գործիքներ, որոնք կհեշտացնեն գործատուների կողմից “Եկամտահարկի մասին” ՀՀ նոր օրենքի կիրառումը: Անհրաժեշտ է այդ գործիքները ներառել հաշվապահական ծրագրեր: Հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է մարզերում ունենալ հնարավորություն` էլեկտրոնային հաշվետվություններն ուղարկելու համար: Անհրաժեշտություն կա ձեռք բերել էլեկտրոնային քարտեր կարդացող նոր սարքեր և այլն: Տիկին Հիլիարդը խոստացավ աջակցել նշված խնդիրների լուծմանը:

Ջերմ, կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: