0
80

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ տեղի ունեցած ասուլիսում ներկայացրեց նախարարության գործունեության երեք գերակա ուղղությունները: Առաջինը վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումներին, որոնք նախատեսում են վերջին տարիներին մեր երկրում իրականացվող խոշորագույն համակարգային փոփոխությունները:

“Այս բարեփոխումների իրականացման համար ընդունվել են շուրջ 50 օրենքներ և արդեն հաջորդ տարվա հունվարից այս նոր համակարգը կներդրվի: Ներդրվելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, հին և նոր համակարգերը առայժմ զուգահեռվելու են` մինչև լրիվ անցոփւմ կատարվի նոր համակարգի, որըոլորտի խնդիրները նվազագույնի է հասցնելու: Դրա շնորհիվ ամբողջությամբ անցում կկատարվի նոր համակրգով կենսաթոշակներ ամբողջական նշանակման և վճարման ապահովմանը: Համակարգի կարևորագույն առաքելությունն այն է, որ դրանով որոշումների շուրջ 70-80 տոկոսն իրականացնելու է համակարգը, որն ավտոմատացվելու է”,-ասաց նախարարը:

Խոսելով մինչև այժմ իրականցված աշխատանքների մասին` նախարարը տեղեկացրեց, որ ներդրվել է նոր տեղեկատվական շտեմարան, որում վերահսկվում և նշվում է ցանկացած փոփոխություն: Այս համատեքստում նախկինում տեղի ունեցած տխրահռչակ մեքենայությունները, համակարգի հետ կապված, կբացառվեն.”Մենք գնացել ենք համակարգային լուծումների, որոնցից մեկը տեղեկատվական նոր շտեմարանի ձևավորումն է: Եթե պատասխանատու անձը սխալ որոշում կայացնի, ապա դա հստակ կերևա: Նախկին շտեմարաններում չէին ամրագրվում փոփոխությունները, սակայն նոր շտեմարանում դրանք կարձանագրվեն”:

Կենտրոնացված տեղեկատվական բազայի բացակայության պատճառով շատ թույլ էր կապը նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայության միջև: Դա էր պատճառը, որ նախկինում հնարավոր եղավ իրականացնել չարաշահումներ: “Կենտրոնացված տեղեկատվական բազայի ձևավորումից հետո ես, որպես նախարար, արագ կտեղեկանամ հնարավոր չարաշահումների մասին”:

Երկրորդ գերակայությունն ինտեգրված սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրումն է Հայաստանում, ինչը զերծ կպահի քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկներից: Այս ուղղությամբ ներկայումս իրականացվում է փորձնական ծրագիր Արարատի մարզում` սոցիալական ծառայությունների ոլորտում կիրառելով «մեկ պատուհան» սկզբունքը. “Դա նվազագույնի կհասցնի քաղաքացու և տեսուչի շփումները, քաղաքացիների դիմումները կընդունվեն մեկ պատուհանից: Շատ կարևոր է, որպեսզի մենք օգնենք քաղաքացիներին` իրենց ուժերով ապահովելու իրենց իսկ սոցիալական ապահովությունը, այսինքն` օգտագործել սեփական հնարավորությունները խնդիրենրը լուծելու համար: Բացի այդ` ներդրվում է սոցիալական աշխատողի ինստիտուտը, ով պետք է նախ գնահատի ընտանիքների, քաղաքացիների կարիքը, որից հետո իրականացվի համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցում”:

Երրորդ գերակա ուղղությունը երեխաների իրավունքների պաշտպանությունն է: Խոսքը հատկապես մանկատան սաների մասին է. այս ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում է հաստատությունների բեռնաթափման ծրագիրը, ինչի շնորհիվ ևս մեկ մանկատուն` “Զատիկը” կդադարի գործել. “Հաջորդ տարի Հայաստանում կգործի 6 մանկատուն, երեքը` հատուկ տիպի, մյուսները` ընդհանուր”: Ոլորտում մեծ ուշադրություն է դարձվելու նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների պաշտպանությանը: Նախարարի խոսքով` իրականացվող ծրագրերն առավել ակտիվորեն կյանքի կոչելու նպատակով մշակվել է զբաղվածության նոր ռազմավարություն: Նա կարևորեց նաև այս ոլորտում եկամտային հարկի հարկման նոր համակարգի ներդրումը, որը կգործի 2013թ. հունվարի 1-ից: Դա ներառում է բոլոր գործատուների համար էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացում հարկային մարմիններին և շուտով ողջ հանրապետությունում կմեկնարկեն իրազեկման լայնածավալ աշխատանքներ:

Նախարարը ներկայացրեց նաև մյուս ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն և պատասխանեց լրագրողների հարցերին: