Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրերը 2022 թվականին

0
97

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թ․ ընթացքում շարունակում է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի շրջանակում Երևանում և մարզերում գործող աջակցության կենտրոններում, ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու ընթացակարգերի վերաբերյալ։

«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն» միջոցառմամբ ԱՍՀՆ կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է նաև 50,000-150,000 դրամ միանվագ աջակցություն՝  

  • կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու,
  • բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով       փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման,
  • ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման,
  • աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար:

«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց (անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվողներին) ապահովել անհատույց ապահով բնակելի տարածքով, սննդով, հագուստով` տրամադրելով հոգեբանական, իրավաբանական օգնություն, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական աջակցություն։

Ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։