Բարեփոխումներ՝ աշխատողների և գործատուների իրավահարաբերություններում. նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում Աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագիծը

0
125

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Առաջարկվում է աշխատողների քանակի և/կամ հաստիքների կրճատման հիմքով (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու առաջնահերթության իրավունք սահմանել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակ ստացողների կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։

Հստակեցվում է աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես և ավելի աշխատանքային տարիներ անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել գործատուի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվել առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության: Մյուս կողմից, որպես վերը նշվածի հակակշիռ, աշխատողի հանգստի ապահովման օրենսգրքով նախատեսված երաշխիքի պահպանման նպատակով՝ ամրագրվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ շուրջ երկուսուկես և ավելի տարի չի տրամադրում աշխատողին արձակուրդ։

Իրավակիրառ պրակտիկայում առաջացող տարընկալումներից խուսափելու նպատակով՝ ամրագրվում է նաև, որ աշխատողը պահպանում է ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ նրա ամենամյա արձակուրդը չի տրամադրվել օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

Աշխատողի պահանջով՝ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր, չվճարվող արձակուրդի տրամադրման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ համատեղությամբ աշխատողը՝ հիմնական աշխատավայրում գտնվում է գործուղման մեջ կամ հիմնական աշխատավայրի աշխատողը՝ համատեղությամբ աշխատավայրում գտնվում է գործուղման մեջ։

Նախատեսվում է նաև վերանայել կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները։ Մասնավորապես, ի տարբերություն գործող կարգավորումների (կնքվում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր) առաջարկվում է իրավունք տալ գործատուին՝ կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով։

Փոփոխությունների շրջանակում սահմանվում է նաև առանձին կատեգորիայի աշխատողների (օրինակ՝ պահակ) համար կիրառվող օրական 24 աշխատաժամանակի տևողությունը։ Այդ կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է 24 ժամի փոխարեն սահմանել օրական 12 ժամ աշխատաժամանակ։

Նախագծով սահմանվել են ընթացակարգեր՝ աշխատողի՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական համարելու կամ հիմնական աշխատանքը՝ համատեղությամբ աշխատանք համարելու մասով։

Վերանայվում է նաև աշխատանքային պայմանագրում պարտադիր ներառման ենթակա պայմանների շրջանակը։ Մասնավորապես, նախատեսվել է, որ աշխատանքային պայմանագրում պետք է ներառվեն նաև՝

•        աշխատանքի վայրը,

•        աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման ժամկետները,

•        աշխատաժամանակի տևողությունը։

Նախագծով ներդրված նոր կառուցակարգերով՝ նախատեսվում է կարգավորել նաև լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ կապված հիմնական  հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվել է մասնագիտական ուսուցման մասին պայմանագրի (համաձայնագրի) ինստիտուտը, ընդ որում, մասնագիտական ուսուցման մասին պայմանագիրը կարող է կնքվել ինչպես աշխատանքի ընդունվող անձի, այնպես էլ արդեն իսկ աշխատող համարվող անձի հետ:

Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների աշխատանքային ժամերի վերանայմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ՝

•        մինչև յոթ տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ,

•        յոթից մինչև տասներկու տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ,

•        տասնչորսից մինչև տասնհինգ տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասը ժամ (գործող կարգավորումը նախատեսում է շաբաթական մինչև 24 ժամ աշխաժամանակի հնարավորություն),

•        տասնհինգից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 24 ժամ,

•        տասնվեցից մինչև տասնութ տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 36 ժամ։

Սահմանվում է նաև, որ մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։

Նախագծով հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ  նվազեցնելու իր աշխատաժամանակը, այլ նաև մինչև երկու։

Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի երկու տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով նախատեսվում է, որ կնոջ ցանկությամբ երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները կարող են միավորվել և միացվել հանգստի և սնվելու համար ընդմիջմանը կամ տրամադրվել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխվել աշխատանքային օրվա վերջ՝ աշխատանքային օրվա տևողության համապատասխան կրճատումով:

Նախագծով առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3qvjq2N, https://bit.ly/3IAfBPY: