0
81

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը Ժնևում մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին, որին մասնակցնում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 185 անդամ երկրների կառավարությունների, արհմիությունների և գործատուների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԱՄԿ ընդհանուր քաղաքականությունը, ԱՄԿ Գլխավոր Տնօրենի տարեկան հաշվետվությունը, անդամ պետությունների կողմից աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի հետ կապված հարցերը, սոցիալական գործընկերների կողմից ներկայացված խնդրահարույց դեպքերը` նախանշելով  առաջիկա տարվա առաջնահերթությունները:

Հունիսի 18-ին, նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ ներկայացնելով Հայաստանում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ԱՄԿ կոնվենցիաներով ստանձնած ՀՀ պարտավորությունների արդյունավետ կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

ՀՀ պատվիրակությունը հանդիպեց ԱՄԿ Գլխավոր Տնօրեն պարոն Գայ Ռայդերի հետ, քննարկվեցին Հայաստանում զբաղվածության, աշխատանքի, սոցիալական պաշտպանության, աշխատանքային միգրացիայի, երեխաների աշխատանքի, սոցիալական գործընկերության ոլորտներին առնչվող հարցեր՝ իրականացված աշխատանքների, ներկայիս բարեփոխումների և հետագա անելիքների տեսանկյունից: ԱՄԿ Գլխավոր Տնօրենը ողջունեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը` մասնավորապես զբաղվածության և աշխատավարձի քաղաքականության բարեփոխումների համատեքստում և նշեց, որ դրանք համահունչ են ԱՄԿ կողմից որդեգրած քաղաքականությանը և մոտեցումներին:

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Ս. Հոֆմանի և ԱՄԿ Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դ. Դիմիտրովայի հետ: ԱՄԿ բարձրաստիճան պաշտոնյաները, սատարելով ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները, պատրաստակամություն հայտնեցին ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության և աջակցության շրջանակները՝ ոլորտում իրականցվող բարեփոխումները միջազգային չափանիշներին համահունչ իրականացնելու նպատակով: